Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 10)

image

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, ներկա ու նախկին նախարարների ունեցվածքը: Այսօրվա դիտակետում է ՀՀ նախկին և ներկա փոխվարչապետների ունեցվածքը:

Կարեն Կարապետյանի կառավարությունում կար 1 փոխվարչապետ. ավելի ճշգրիտ՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարն ուներ նաև փոխվարչապետի լիազորություններ: Այդ անձը Վաչե Գաբրիելյանն էր:

ՀՀ փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Վաչե Գաբրիելյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 60 հազար դոլարի ու ավելի քան 24 մլն դրամի փոխառություն: Դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 3 մլն 950 հազար դրամ, 1600 եվրո: Աշխատանքի վարձատրությունից  ու փոխառություններից գոյացած եկամուտները կազմել են 13 մլն 719 հազար 176 դրամ:

ՀՀ փոխվարչապետի և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնը ստանձնելիս Վաչե Գաբրիելյանը  հայտարարագրել էր 1-ական բնակարան ու անհատական տուն, 20 մլն 500 հազար դրամի ու 40 հազար դոլարի փոխառություն, 2 մլն 600 հազար դրամի խնայողություն,  10 մլն  278  հազար դրամի եկամուտ, որը գոյացել էր աշխատանքի վարձատրությունից ու տրված փոխառություններից:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած  կառավարությունում  1-ին փոխվարչապետի  ու փոխվարչապետի պաշտոն  ունեն 3 անձ:

ՀՀ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Չնայած նրան, որ Արարատ Միրզոյանն այդ պաշտոնին է մայիսի 11-ից, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել նոր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Կայքում առկա է պատգամավորի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նա ունի 2 բնակարան, KIA SORENTO 3.3 L մակնիշի ավտոմեքենա, 3 մլն դրամի միջոցներ, 500 հազար դրամի եկամուտ, որոնք գոյացել են փոխառություններից:

1-ին փոխվարչապետի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 250 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 410 հազար դրամ: Եկամուտը կազմել է 5 միլիոն 150 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Նշանակվել մայիսի 11-ին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի 1 ավտոտնակ, 7 հազար ԱՄՆ դոլարի արժեթղթեր: Դրամական միջոցները կազմում են 2 հազար 475 ԱՄՆ դոլար, 600 հազար դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված այլ եկամուտները կազմել են 14 հազար 620 ԱՄՆ դոլար: Գումարը ստացվել է որպես այլ եկամուտ նշված 5 աղբյուրից:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Նշանակվել մայիսի 12-ին: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ Մհեր Գրիգորյանն ունի 1-ական բնակարան ու հողամաս, 2 ավտոտնակ, 5023 դրամի բաժնետոմս: Դրամական միջոցներն էլ կազմում են 77 մլն 16 հազար դրամ, աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտներն էլ 28 մլն 23 հազար 485 դրամ են:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝