Սարգսյանը լավ կանի՝ գնա թոշակի. 10 տարիները ՀՀ համար աղետալի և կորցրած հնարավորությունների տարիներ էին

serjjjj

«Եթե քաղաքական ուժերը լուրջ ռեսուրսներ ներդնեն, կարողանան նաև մարզերի բողոքավոր զանգվածին մոբիլիզացնել, ապա, իմ խորին համոզմամբ, հնարավոր կլինի մեծ թվով մարդկանց փողոց հանել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով ապրիլյան վերադասավորումներին և Սարգսյանի վարչապետությունը կանխելուն ուղղված քայլերին:

-Մի քանի օր, և Ս. Սարգսյանը կհեռանա երկրի նախագահի պաշտոնից: Դրան կհաջորդի վարչապետի ընտրության գործընթացը, սակայն մինչ այդ 7 օր, կարելի է ասել, անիշխանություն կլինի երկրում: Ինչպիսի՞ զարգացումները կարող են այդ կարճ ժամանակում ոտքի հանել ժողովրդին:

-Ընդհանուր առմամբ չի կարելի ասել, թե անիշխանություն կլինի երկրում, քանի որ վարչապետը և նախարարները հրաժարական են տալու, բայց լինելու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Ուղղակի այդ 7 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով իշխանություն չի ունենա: Ժողովրդին փողոց կարող է հանել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում չտեսնելու ցանկությունը:

-Ակնհայտ է, որ իշխանությունները որքան էլ փորձեն ինքնավստահ կեցվածք ընդունել, ձևացնել, որ որևէ վտանգ չեն տեսնում, սակայն ներքին տագնապ, այնուամենայնիվ, կա իշխանության ներսում: Արդյո՞ք ընդդիմադիր քաղաքական ուժերին կհաջողվի միավորվել ու փողոց դուրս բերել ժողովրդին:

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

-Իհարկե, իշխանությունները միշտ էլ զգույշ են եղել և նման դեպքերում ներքին վտանգ ունեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ժողովրդին փողոց դուրս բերելու հնարավորությանը, ապա պետք է ասեմ, որ այս պահին, կարծեմ, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանուն Հայաստանի փրկության ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն են փողոց դուրս գալու և Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը թույլ չտալու մասին հայտարարել: Եվս մի քանի քաղաքական ուժեր, կարծես թե, սպասողական վիճակում են: Եվ եթե այդ վերոնշյալ քաղաքական ուժերը լուրջ ռեսուրսներ ներդնեն, կարողանան նաև մարզերի բողոքավոր զանգվածին մոբիլիզացնել, ապա, իմ խորին համոզմամբ, հնարավոր կլինի մեծ թվով մարդկանց փողոց հանել:

-Ինչպիսի՞ օրակարգը կարող է այս իշխանությունների գործունեությունից դժգոհ ՀՀ քաղաքացուն բերել Ազատության հրապարակ:

-Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը թույլ չտալու օրակարգը: Դա մեծ խթան է մարդկանց համար փողոց դուրս գալու համար: Պարզապես քաղաքացիները պետք է Ազատության հրապարակում լուրջ ուժ տեսնեն: Այլապես փողոց դուրս եկողների թիվը մեծ չի լինի:

-Նկատելի է նաև, որ իշխանությունն իր մեթոդներով ամեն ինչ անում է ընդդիմությանը մասնատելու, հնարավորինս պառակտելու համար: Ինչպե՞ս են վարվելու իրական փոփոխությունների ձգտող, իրական նպատակներ ունեցող քաղաքական ուժերն առաջիկա օրերին:

-Իշխանությունը միշտ էլ տարատեսակ մեթոդներ է կիրառել ընդդիմության միավորումը թույլ չտալու, ընդդիմության մեջ պառակտումներ մտցնելու համար: Այնպես որ, նրանք չեն փոխել իրենց դեմքը: Իսկ թե ինչպես են վարվելու քաղաքական ուժերն առաջիկա օրերին, ապա այդ հարցի պատասխանը կիմանանք առաջիկա օրերին:

-Մի քանի օր է մնացել Սերժ Սարգսյանի հեռանալուն, ու գործադիրը որոշեց պետության սեփականությունը հանդիսացող բնակարանն իր հողատարածքով նվիրաբերել Ս. Սարգսյանին: Սրան ի՞նչ գնահատական կտաք:

-Ամբողջ աշխարհում դա նորմալ գործընթաց է: Միշտ էլ պաշտոնաթող նախագահներին բնակարան են նվիրում: Լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը գնա թոշակի, այլ ոչ թե մեկ էլ վարչապետի պաշտոնում շարունակի պաշտոնավարելը, որովհետև հենց ինքն էր ասում, որ սխալ է համարում մեկ հոգու կողմից 2 ժամկետից ավելի պաշտոնավարելը:

-Եթե ամփոփելու լինենք ՀՀԿ առաջնորդի՝ նախագահի պաշտոնում գործունեության 10 տարիները, ապա որպես հիմնական ձախողումներ որո՞նք կնշեք:

-Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները Հայաստանի համար աղետալի և կորցրած հնարավորությունների տարիներ էին: Նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանից արտագաղթել են 350.000-ից ավելի մարդ, երկրի արտաքին պարտքն ավելացել է 5 մլրդ դոլարով և այժմ արդեն հասնում է մոտ 7 մլրդ դոլարի: Վերջերս տեղեկատվություն եղավ, որ Հայաստանը քաղցկեղի պատճառով մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Մի խոսքով, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը բոլոր առումներով հետընթաց է գրանցել:

 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝