Տեխնոհեքիաթի խոստումից 10 տարի անց կառավարությունը որոշել է Երևանում «Ինժեներական քաղաք» ստեղծել

28510877_906893796146672_523737740_n

Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը մտադիր է Երևանի Բագրևանդ փողոցում Ինժեներական քաղաք ստեղծել, ընտրվել է 3.0 հա մակերեսով հողամաս: Նախագիծը, որը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից, գործադիրի վաղվա նիստի հավանությանն է ներկայացվելու:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման հայեցակարգի հիմնական նպատակն է՝ Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը՝ խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը: Բացի այդ, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած նախագծի, Հայաստանը շուտով պետք է դառնա ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ըստ այդմ՝ մեկ վայրում պետք է տեղակայվեն 35-40 ընկերություններ: Եվ բացի այդ, «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կառավարությունը խոստանում է ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ:

Ինչ վերաբերում է այս ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսված ներդրումներին, ապա նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափի ներդրում, ընդ որում՝ ընդհանուր ծախսերի 50%-ը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի կողմից: Նախքան ծրագրի ինքնածախսածածկ դառնալը կառավարությունը նախատեսում է, որ ծրագրի հետ կապված ծախսերը ֆինանսավորվելու են «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում:

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը երկրի արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին որոշել է հիմա էլ «Ինժեներական քաղաք» հիմնել, որն իբր բեկում է մտցնելու երկրի տնտեսական կյանքում, իսկ ինժեներական ու տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն այնպիսի ռեկորդներ է գրանցելու, որ դառնալու է արտահանող երկիր:

Առայժմ վաղ է ասել, թե այս ծրագիրը որքանով իրականություն կդառնա ու վարկային միջոցներն իրապե՞ս կծառայեն իրենց նպատակին, թե՞ կստեղծվեն շենքային հարմարավետ պայմաններ, որոնցում մի քանիսը շատ բարձր աշխատավարձով աշխատանք կունենան և վերջ…, իսկ բարձր տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ գլոբալ շուկաներ արտահանելու, ինչպես նաև ինովացիոն ինժեներական և Հայաստանը բարձր տեխնոլոգիական լուծումների համար տարածաշրջանային հանգույց դարձնելու բարձրագոչ խոստումներն էլ ուղղակի հօդս կցնդեն: Իսկ դա կնշանակի՝ հերթական անգամ փոշիացնել ու մսխել այն վարկային միջոցները, որոնց բեռն այնուհետ իր ուսերին կրելու է ժողովուրդը:

Կ.Կարապետյանի ղեկավարած կառավարության՝ Ինժեներական քաղաք հիմնելու ծրագիրը շատ նման է ու միանգամից հիշեցնում է ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի՝ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագրին, որի համար կառավարության կողմից որոշում ընդունվեց 2008 թվականին:nnnnnn

Հավակնոտ այդ նախաձեռնությամբ Գյումրին վերածվելու էր բարձր տեխնոլոգիաների, ոսկերչության կենտրոնի: Այն ժամանակ կառավարության ներկայացուցիչները խոստանում էին վերականգնել արդյունաբերական քաղաքի երբեմնի համբավն ու բարձր հեղինակությունը, ստեղծել աշխատատեղեր: Այդ ժամանակ էլ երկրի տնտեսության զարգացման հիմքը Գյումրիում էր դրվելու:

Քաղաքում ավիաշինություն էր զարգանալու, ինչպես նաև ինքնաթիռներ էին նախագծելու: Այդ ժամանակ էր, որ շռայլությամբ ծախսվեցին համաշխարհային բանկից վերցված վարկային միջոցները: 4 միլիոն դոլարով կառուցվեց այն շենքը, որտեղից բաբախելու էր տեխնոպարկի սիրտը, կից կառուցվեցին լաբորատորիաներ, սակայն դրանք այդպես էլ չգործարկվեցին, և տեխնոհեքիաթն այդպես էլ իրականություն չդարձավ:

Իսկ 4 միլիոն դոլարի վարկային միջոցներով կառուցված շենքում ներկայումս վարձակալական հիմունքներով գործունեություն են իրականացնում տարբեր կառույցների մասնաճյուղեր:

Այնպես որ, դառը փորձը հուշում է, թե ինչպիսին կարող է լինել ու ինչով ավարտվել նաև «Ինժեներական քաղաք» հիմնելու գեղեցիկ խոստումը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝