«10.000 դրամները ծախսեցին, վերջացավ, շոումենն իր գործն արեց, շոուն ավարտվեց»

nkk

Նոր ձևավորված ԱԺ առաջին նիստին գործող կառավարությունը հրաժարական կտա: Առաջին նիստի օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, ապա՝ 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն, որից հետո ևս 20 օրվա ընթացքում կառավարությունն ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը:

Թեև գործունեության մեկ տարին դեռևս չի լրացել, սակայն, անշուշտ, գլխավոր հարցադրումը կլինի հետևյալը՝ ի՞նչ քայլեր արեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն անցած 7 ամիսների ընթացքում, համակարգային ի՞նչ փոփոխության մեկնարկ տրվեց, ո՞րն է այս կառավարության, այսպես կոչված, այցեքարտը, որը հանրությանը մատուցվելու է կամ որպես լուրջ գործ, որն արվել է այս ընթացքում, կամ որպես կիսատ թողնված գործ, որը շարունակելու են առաջիկայում:

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ Արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխչյանի հետ: Մեր հարցադրմանը, թե որն է գործող կառավարության 7 ամիսների աշխատանքային գործունեության ձեռքբերումը, եթե, իհարկե, կան այդպիսիք, Րաֆֆի Մխչյանը պատասխանեց.

 Րաֆֆի Մխչյան

Րաֆֆի Մխչյան

-Կարեն Կարապետյանը վարպետ շոումեն է: Այդ թվացյալ շաքար բերել, բանան բերել, հակամոնոպոլիստական շարժումները եթե վեց ամիս հետո նորից շարունակվեն, ես միայն այդ ժամանակ կասեմ, որ խոսքից գործի են անցել: Բայց ես մինչև հիմա, ցավոք սրտի, տեսել եմ, որ այս ամենը շատ գեղեցիկ կազմակերպված շոու է, ուրիշ ոչ մի բան, որովհետև դեռևս առկա հիմնական խնդիրներին ոչ մի լուծում չի տրվել:

Ես կուսակցական չեմ: Ինձ հետաքրքրում է միայն տնտեսական ճեղքը: Կառավարությունն ինձ համար Հայաստանի տնտեսության շարժիչն է, որը պետք է զարկ տա մեր տնտեսությանը, շունչ հաղորդի: Իսկ այսօր դեռևս այդպիսի փոփոխություն չկա: Ընդհակառակը: Ընտրություններն անցել են, բայց դեռևս ահռելի անկում կա, շուկաներում առևտուր չկա, ժողովրդի ձեռքը փող չկա, բաժանված 10.000-ները որ վերցրեցին, մեկ օրում ծախսեցին, վերջացավ, և հիմա սա է վիճակը…

-«Շոուն ավարտվեց», արձանագրում եք, և բոլորն են տեսնում, որ վատ է իրավիճակը, ընտրություններն էլ ավարտվեցին: Հիմա ինչի՞ սպասել…

-Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի քաղաքական որոշումներ կան վերևում և ինչ հաջորդական քայլեր մշակել: Ես ընդամենը կարող եմ ասել, որ շուտափույթ փրկություն է հարկավոր Հայաստանի տնտեսությանը, եթե ոչ, ապա շատ ավելի վատ վիճակում կհայտնվենք:

-Խոսեցիք մենաշնորհների դեմ պայքարի իմիտացիոն քայլերի մասին, մասնավորապես բանան, շաքարավազ և այլ ապրանքներ ներկրելու հնարավորության: Նախընտրական շրջանում կարծես փորձեցին ապացուցել, որ յուրաքանչյուրը կարող է ազատորեն ապրանք ներկրել: Հիմա Դուք մտավախություն ունեք, որ այդ ճանապարհը փակվելու է, և մարդիկ չե՞ն կարողանալու ներմուծել «արգելված» ապրանքներ:

– Իհարկե չեն կարողանալու: Որովհետև միշտ այդպես է, որովհետև երբ որ ընտրությունները վերջանում են, սկսում են պարտքները վերադարձնել: Ովքեր այդ ընտրության մեջ իրենց լուման են դնում հանուն իշխանության վերարտադրության, այդ վերարտադրությունից հետո, բնականաբար, ամեն մարդ պետք է իր հաշիվները փակի: Խոսքս իշխանական օղակների մասին է:

Ես ինքս ներմուծեցի շաքարավազ և, այո, ոչ մի խնդիր չունեցա և աղմուկ չհանեցի: Սակայն պետք է ասեմ, որ ես սեփական արտադրության համար եմ ներմուծել շաքարավազը և կարծում եմ դրա համար տուրուդմփոց չեղավ: Բայց ինձ թվում է, եթե ինչ-որ մեկը ներմուծեր վերավաճառելու նպատակով, շատ լավ տեղյակ եմ այդ ամեն ինչին, իրենք կսկսեն սահմանին պրոբլեմներ սարքել: Չնայած որ այդ ներմուծման քանակություններն արտադրության մեջ օգտագործվող քանակություններ են, այլ ոչ թե վերավաճառելու նպատակ են հետապնդում:

-Պարոն Մխչյան, ընտրություններից հետո կառավարության ներկայացուցիչները խոսեցին տնտեսական աճի մասին: Մասնավորապես ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2017-ին ավելի բարձր տնտեսական աճի հավակնություն ունենք, քան պետական բյուջեով սահմանված 3,2 տոկոսն է: Նա նաև նշեց, որ արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Սա, Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է խոսում:

-Մի օր ակտիվություն եղավ: Էդ 10.000 դրամ ընտրակաշառքները բաժանեցին, ծախսեցին փողերը, երկու օր տնտեսական ակտիվություն եղավ, ուրիշ ոչ մի բան: Ես անձամբ իմ կաշվի վրա եմ զգում այդ ամենը: Բացի Արտահանողների միության նախագահ լինելուց, ես տնտեսվարող եմ, արտադրություն ունեմ: Ահավոր վատ է վիճակը: Իմ մեքենաները, որ դուրս են գալիս, որ ապրանք վաճառեն, իրենց ծախսերը չեմ կարողանում փակել եղած առևտրի արդյունքից: Անտանելի վիճակ է և ոչ թե միայն ինձ մոտ, բոլորի մոտ նույն իրավիճակն է: Սա­՞ է կառավարության 7 ամսվա աշխատանքի արդյունքը: 7 ամսում գոնե մի փոքր բարելավում չպե՞տք է տեսնեինք մենք, մի փոքր շունչ արդյո՞ք չպետք է քաշեինք: Սա ընդամենը շոու է:

-Հիմա ասելու են՝ երկարաժամկետ են մեր ծրագրերը, այս կարճ ժամանակահատվածում չէիք կարող զգալ: Խորհրդարանում էլ վաղը հավանաբար կասեն, թե հնարավորություն տվեք մեր կիսատ թողած գործերը կյանքի կոչելու:

-Ցանկացած ծրագիր ես հասկանում եմ որպես շենք կառուցել: Եվ եթե իրենք ասում են, թե մենք սկսել ենք շենքը կառուցել, գոնե պետք է տեսնենք, որ այդ փոսը փորել են, հիմքերը դրել են, մի նկուղային հարկ կառուցել են, բայց դա ես չեմ տեսնում: Երեք միլիարդ ներդրման մասին էին խոսում: Այդ երեք միլիարդը հինգ տարվա մեջ պետք է կատարվի: Ո՞ւր է բա, թող կատարվեն: Դեռևս մենք շոշափելի ոչինչ չենք տեսել, պետք է գոնե ինչ-որ բան շոշափվի՞, մի լույսի, հույսի նշույլ պե՞տք է տեսնենք, որ հավատանք, որ դեպի լավին ենք գնում: Բայց մենք այս պահին դեռևս ոչինչ չունենք:

-Ստեղծված վատթար իրավիճակը Դուք պայմանավորում եք Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությա՞մբ միայն, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական կամքն է բացակայում՝ համակարգային փոփոխություններ արձանագրելու:

-Խնդիրը միայն ԵՏՄ-ի հետ կապված չէ: Բավականին լուրջ հարց է, որը ծավալուն վերլուծության կարիք ունի: Մի շարք գործոններ կան, որ բերեցին այս իրավիճակին: Դա միայն ԵՏՄ մուտքը չէ: Այս հանգամանքն, իհարկե, իր բացասական կողմերն ունի, բայց այսօր քչից-շատից եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան վաճառում է, մի բան աշխատում է, ԵՏՄ-ի հետ է: Նոր շուկաներ չեն որոնվում, նոր ուսումնասիրություններ չեն արվում: Հազար անգամ ասել եմ, որ պետք է համաշխարհային մասշտաբներով ուսումնասիրություններ արվի, որտեղ է պիտանի մեր ապրանքը, մեր ապրանքի վրա ինչ բարեփոխումներ պետք է անել, որ մենք կարողանանք նվաճել նոր շուկաներ: Սա հսկայական աշխատանք է, որը պետական աջակցության կարիք ունի, և միայն մասնավորը չի կարող իրականացնել: Սակայն այդպիսի մտադրություն մենք չենք տեսնում: Միայն ԵՏՄ-ի, Ռուսաստանի ուղղությամբ ենք նայում և որևէ այլ բան չենք տեսնում: Ու այդպիսով մենք հաջողության չենք հասնի:

Ընդհանուր առմամբ ես կասեմ մեկ բան. այս ժողովուրդն արժանի է այս իշխանությանը: Ուրիշ բան չեմ կարող ասել: Այս ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է, ուրիշ ոչ մեկը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝