Ինչո՞ւ 1 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան բացահայտել Սեֆիլյանի ղեկավարած զինված խմբերը. նա պետք է արդարացվի. փաստաբան

arm143990740955

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն օրինական համարեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը։ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը վերջին անգամ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկարացվել է 1 ամիս 4 օրով: Ինչպես հայտնի է, Սեֆիլյանի և ընկերների գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, ու գործն ուղարկվել է դատարան:

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այն կարծիքին է, որ եթե դատարանը զբաղվի իր բուն գործառույթներով ու քաղաքական պատվերներ չկատարի, ապա Ժ.Սեֆիլյանի նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացնի, քանի որ գործում փաստական հանգամանքները բացակայում են: Այս համատեքստում նա հիշեցնում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով, ըստ էության, ապացուցվեց, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել. «Կամայական երկրի, կամայական պետության ամենակարևոր արժեքներից մեկը կայացած դատական համակարգ ունենալն է, ու ինձ թվում է՝ հենց իշխանությունների շահերից է բխում, որ կայացած դատարաններ լինեն, որպեսզի արդարադատություն իրականացնեն, դրա համար ես գտնում եմ, որ ուշ թե շուտ դատարանները պետք է առանձնացվեն քաղաքական գործընթացներից, պետք է անկախ լինեն ու դատական ակտեր կայացնեն, ինձ թվում է՝ դա հենց բխում է պետության շահերից ու իշխանության ներկայացուցիչների շահերից, դրա համար ես գտնում եմ, որ ուշ թե շուտ արդարությունը կհաղթանակի ու արդարացման դատավճիռ կկայացվի Սեֆիլյանի նկատմամբ: Ասեմ, որ մի շաբաթ առաջ նմանատիպ գործերով վերաքննիչ քրեական դատարանը դատախազության դեմ հստակ որոշումներ կայացրեց, որոնք շատ խիստ որոշումներ են, որով գլխավոր դատախազությանը պարտավորեցրին անգործություն չցուցաբերել, և հետաքրքիր է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտում գրված է, որ առաջին ատյանի դատարանը փորձել էր ինքը քննիչի ու դատախազի փոխարեն հիմնավորի այդ անհիմն որոշումը, ինչն անթույլատրելի է»,- նշում է փաստաբանը:

Ըստ փաստաբանի՝ ամեն կերպ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի անօրինական դատավճիռներ կայացրած դատավորները պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանից, թե ում պատվերն են կատարում: «Օրինակ, խոսքս վերաբերում է առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին, ով իմ կարծիքով այնպիսի գործողություն էր կատարել, որի համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի: Անկախ նրանից, այստեղ չլինի, Եվրոպական դատարանն է անդրադառնալու այդ հանգամանքին, անկախ նրանից՝ սիրում են Ժ.Սեֆիլյանին, չեն սիրում, անկախ նրանից՝ ինչ հայացքներ ունի, պետք է օրենքի դրույթները կատարվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Կոնկրետ Ժ. Սեֆիլյանի գործով, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, ստեղծվել է մի իրավիճակ, որ դատարանում ոչ թե պետք է պաշտպանական կողմն ապացուցողական բազա ներկայացնի ու փորձի ապացուցել, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է, այլ մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանում է իրականությանը: «Նախաքննական նյութերում չկա որևէ ապացույց, մի երկու անտրամաբանական ապացույց կա, մեկ անձ ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ու դատախազությունն ասում է, որ Սեֆիլյանը բազմաթիվ զինված խմբեր է ղեկավարել, ու այդ խմբերից մի ենթախումբը պետք է հեռուստաաշտարակը գրավեր, բա մնացած ենթախմբերը ինչո՞ւ չեն բացահայտել մեր իրավապահ մարմինները, մեկ տարի ժամանակ են ունեցել, մի՞թե չի հուզում, որ փաստորեն այսքան զինված խմբեր են գործում ՀՀ-ում, որոնք ամեն պահի կարող են զինված հեղափոխություն անել: Եթե այդպես է, ինչո՞վ են զբաղված մեր իրավապահ մարմինները: Ասեմ ավելին, մեր մոտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մարմինները շատ լավ են աշխատում, գրեթե բոլոր հանցագործություններն իրենք են բացահայտում, ոչ թե քննչական մարմինները: Մի տարի էսքան կարևոր հանգամանքի վերաբերյալ որևէ բան չեն կարողացել գտնել, դա նշանակում է, որ փաստորեն այդ մի անձն էլ որ ցուցմունք է տվել, դա նշանակում է, որ նախապես սցենար է եղել, ինչպես որ Ժ. Սեֆիլյանն է ասում, որ այդ անձն ինչ-որ ժամանակ առաջ ներդրվել է ինչ-որ տեղ, որպեսզի հետո գա Ժ.Սեֆիլյանի դեմ ցուցմունք տա, դե բացահայտեք, բոլոր խմբերը բացահայտեք»,- ասում է Սեֆիլյանի փաստաբանը:

«Արդեն մեկ տարի է անցել, ու գործով զբաղվող երկու կառույցները՝ ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինը, որևէ նոր տվյալ ձեռք չեն բերել, որը կհիմնավորի, կապացուցի, որ Սեֆիլյանը երկրում զինված հեղափոխություն իրականացնելու նպատակ է ունեցել, ու այդ պատճառով մի քանի զինված խմբեր է ղեկավարել և կամ ապօրինի զենքերի է տիրապետել: Բա քննչական մարմին, ձեզ չի՞ հուզում, ինչի՞ չեք բացահայտում, եթե չեք ուզում Հայաստանն ապակայունանա զինված խմբերի գործելակերպով, եթե ձեր ասելով այդքան զենքեր են շրջանառվում, բա այդ զենքերը պետք է հայտնաբերվեն, չէ՞: Ինձ թվում է, օրինակ, դատախազությունը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, դատախազությունը փոխանակ հսկողություն իրականացնի, ինքը քաղաքական հրապարակային հայտարարություններ է երբեմն անում, որն իրականությանը չի համապատասխանում: Հեռուստաաշտարակը, փաստորեն, ըստ իրենց, Սեֆիլյանը պետք է գրավեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ին, բայց իրեն ձերբակալել են 2016 թվականի հունիսի 20-ին, մոտ 7 ամիս անց, եթե անգամ էս ամենը ճիշտ են ասում, ու իրենց ասելով ճիշտ է դա, Սեֆիլյանը պետք է կատարեր զինված հեղափոխություն, բայց չի կատարել, նշանակում է այստեղ չկա հանցագործություն, եթե անձն իր գործողությունը մինչև վերջ չի կատարում, հրաժարվում է այն կատարելուց, նշանակում է այստեղ հանցակազմ չկա»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝