ՀՀ ՀՔԾ-ն վստահեցնում է՝ Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ կատարվում են, բայց հրապարակել չեն կարող

ph139382887392-300x225

2008 թ. մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 2016թ. իրականացված քննչական գործողությունների, հարուցված քրեական գործերում ներգրավված կասկածյալների ու մեղադրյալների, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից կրկին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, չեն կարող հրապարակել:

Նկատենք, որ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ հասարակության աջակցությունն ակնկալող  ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին և առաջարկություններին տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս. «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Իսկ Վլ. Գասպարյանի հայտնի հարցազրույցների հիման վրա վերջինիս հարցաքննելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ուղղակի կցվել էր քրեական գործին՝ «անհրաժեշտության դեպքում» դրան անդրադառնալու նպատակով:

Թե երբ քննչական մարմինը նման անհրաժեշտություն կտեսնի, պարզ չէ:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝