Խորհրդարանական բանավեճ, կոչումազրկում, 1 մլրդ արժեցող ազատություն և ոչ միայն. հուլիսի 24-ի ամփոփումը

66230

Օրվա քննարկումը

ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը քննարկեց ԱԺ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկները:

ՀՀԿ-ի առաջարկներից մեկը ենթադրում է, որ քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ ընտրողների մասին տվյալները համադրվում են առկա տվյալների հետ, և անհամապատասխանության դեպքում իրականացվում է ուսումնասիրման հստակ մեխանիզմ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կողմ կլինի առաջարկին, եթե այն տեխնիկապես հնարավոր լինի: Բանավեճի արդյունքում ի վերջո Դավիթ Հարությունյանը համոզեց «Ծառուկյան» խմբակցությանը՝ «այո» ասել առաջարկին:

«Բրավո՛, պարո՛ն Հարությունյան, դուք լավ կարողանում եք համոզել: Այս հարցում կա կոնսենսուս»,- նկատեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ընդհանուր առմամբ՝ ընտրական նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ՀՀԿ-ի ներկայացրած 6 առաջարկներից 4-ն ընդունվեցին քաղաքական ուժերի համաձայնությամբ, 2-ը՝ վերապահմամբ:

Օրվա բյուջետային առաջարկները

Կառավարությունում սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները: Օրինագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացրին նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները:

Օրվա կոչումազրկումը

Էջմիածնի ավագանու նիստում Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշմանը կողմ քվեարկեցին նիստին ներկա ավագանու բոլոր 10 անդամները: Ավագանու 4 անդամ նիստին չէին մասնակցում:

Օրվա «ամենաթանկ ազատությունը»

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն ազատ արձակվեց: Դրա համար 1 միլիարդ դրամ գրավը վճարվել է: Փաստը հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: 

Օրվա դիտարկումները

Դիտարկում առաջին. «Չեմ կարծում, որ Պուտինի շրջապատը և անձամբ Պուտինը գոհ էին Սերժ Ազատովիչի վարած քաղաքականությունից: Կային նշաններ, որ ցույց էին տալիս, որ անձնական համակրանք այդ մարդկանց միջև չկար»:

Դիտարկում երկրորդ. «Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմական սրացմամբ: Ալիևը սա գիտի և քայլ չի կատարի: Ադրբեջանի նախագահի ռազմական հռետորաբանությունը ներքին պատճառներ ունի»: Այս դիտարկումներն արել է ռուսաստանաբնակ քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը:

Օրվա վիճակագրական տվյալը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն զանգվածային բողոքի ցույցերի և դրանց հակազդմանն ուղղված ոստիկանական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 11-ից 23-ը, արձանագրել է տարատեսակ ճնշումների 8 միջադեպ, ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնցում տուժել են տարբեր ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ: Լրագրողների դեմ բռնությունները հիմնականում թիրախավորված են եղել։ 

Օրվա անորոշությունը

ՀՅԴ-ն դեռ չի որոշակիացրել, թե Երևանի ավագանու ընտրություններում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: Խնդրի քննարկումն առաջիկայում կլինի:

 

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝