Թիվ 1 քաղաքական օրակարգ՝ 2018թ.-ին Սերժ Սարգսյանին փոխանցել իշխանությունը. «Հակառակ կողմը»

hakarak koxm

«Իրավիճակն ապաքաղաքական է, եւ իշխանությունը միտումնավոր փորձում է լարել իրավիճակը»: ԳԱԼԱ-ի եթերում՝ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում, նման գնահատական հնչեցրեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ունեցանք ապաքաղաքական խորհրդարան, որի քաղաքական օրակարգն այն է, որ 2018թ.-ին Սերժ Սարգսյանին փոխանցեն իշխանությունը: Թե ինչ ձեւակերպումով կփոխանցվի, չգիտեմ, բայց, ամենայն հավանականությամբ, որպես վարչապետ Ս. Սարգսյանին կփոխանցեն իշխանությունը եւ վերահսկողությունն ուժային կառույցների նկատմամբ: Ոչ մի բան չկա: Ամեն ինչ խաղաղ է: Մարդիկ գնացել են, 10 հազարը վերցրել են ընտրել են, կեղծ ընդդիմությունը ձեւավորել են, խնդիր չկա, ու հանկարծ նման իրավիճակ են ստեղծում: Կարծում եմ՝ ինչ-որ խնդիր կա, որ փորձում են առաջ մղել, ակտիվացնել: Դատական շոու էլ չկա, եւ ընդամենը պետք է որ այդ հանգիստ վիճակը պահպանեն, բայց դրա փոխարեն Սասնա ծռերին դատարանի շենքում բռնության են ենթարկում, որոշներին հեռացնում եմ դահլիճից: Ինձ համար ամբողջովին այս ամենն անտրամաբանական է»,- ասում է Մարտիրոսյանը:

Հաղորդման մյուս մասնակիցը՝ ՀՀԿ քաղխորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը, հերքում է՝ չկա նման բան, իշխանությունը չի սրում իրավիճակը. «Եթե իշխանությունը փորձեր իրավիճակ սրել, մեկ տարի առաջ կաներ, երբ տեսանք, որ ինչ զսպվածություն ցուցաբերեց ոստիկանությունը: Այդ արդյունքում հայ մարդու, քաղաքացու քիթ չխառնեց: Ապատիկ վիճակ է, ակտիվություն չկա, փաստ է, փաստ է նաեւ, որ ընդդիմությունն է փորձում անել, բայց չի ստացվում»:

Ո՞վ է լինելու 2018թ.-ի վարչապետը, Հովհաննես Սահակյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ արդեն իսկ պատմության մեջ ունի իր ձեռագիրը.

«Միանգամից նշեմ, եթե ի նկատի ունեք Ս. Սարգսյան կամ Կ. Կարապետյան, ապա ասեմ, որ նախագահ Սարգսյանը ճանապարհ է անցել Արցախի անկախացումից մինչեւ Հայաստանում պետական կառույցների ձեւավորում եւ այլն, մի անգամ ասել եմ, որ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ պաշտոն ունենա, թե չունենա, արդեն իսկ պատմության մեջ ինքն ունի իր ձեռագիրը, հետագիծը: Մենք վեր ենք այդ գաղափարից, թե ով է լինելու, թե ով չի լինելու»:

Ըստ Հովհաննես Սահակյանի՝ կարեւորն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ՀՀԿ-ին են վստահել իշխանությունը, եւ ՀՀԿ-ն իրականացնելու է անվտանգություն եւ առաջընթաց:

Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե անվտանգության համար ամենաքիչը պետք է քաղաքացի եւ սպառազինություն. «Մեր քաղաքացիներն արտագաղթում են, մենք խնդիր կունենանք զորահավաքային տարիքի մարդկանց հետ: Սպառազինության համար անհրաժեշտ են գումարներ, բայց վերջին 10 տարիների ընթացքում երկրից անօրինական կերպով 10 մլրդ դուրս է եկել, երկու մլրդ էլ եթե դնեինք սպառազինություն գնեինք, ապա ապրիլյան պատերազմը չէր լինի»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝