Հակակոռուպցիոն միջոցառումների անվան տակ կառավարությունը 1 միլիարդ 198 միլիոնով ավելացնում է ոստիկանության ֆինանսավորումը

photo

Գործադիրն իր երեկվա նիստում փոփոխություններ կատարեց 2015 թվականին մշակած հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում, որի շրջանակներում նաև որոշում ընդունվեց 2018 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում իրականացնել բարեփոխումներ գերակա համարվող 4 ոլորտներում: Այդ ոլորտներն են՝ ոստիկանություն, ՊԵԿ, առողջապահություն և կրթություն: Այս 4 ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով որոշվեց 1 միլիարդ 348 միլիոն դրամի միջոցառումներ իրականացնել:

Ոստիկանություն

Կառավարության կայքէջում ներկայացված տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախատեսվող գումարի առյուծի բաժինը՝ 1 միլիարդ 198 միլիոնը, նախատեսվում է հատկացնել ՀՀ ոստիկանությանը կոռուպցիան նվազեցնելու նպատակով:

Փաստաթղթի «ֆինանսական գնահատական» ենթավերնագրի ներքո ներկայացված տվյալների համաձայն՝ 684,943,800 դրամ գումար նախատեսվում է հատկացնել ոստիկանության օպերլիազորներին, հետաքննիչներին ու տեսուչներին՝ որպես անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների և բջջային հեռախոսակապի ծախսերի փոխհատուցում:

111111111

Սակայն փաստաթղթում մանրամասն ներկայացված չէ, թե կոնկրետ քանի աշխատակցի որքան գումար է նախատեսվում փոխհատուցել: Թերևս հասկանալի է, որ ոստիկանության օպերլիազորների ու հետաքննիչների եկամուտներն ավելացնելով՝ փորձ է արվում հասնել նրան, որ վերջիններս ստվերային ճանապարհով (կաշառք) գումարներ ձեռք չբերեն, սակայն հազիվ թե այս տարբերակով հաջողվի ՀՀ կառավարությանը, այսպես ասած, հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում դրական արդյունքների հասնել:

256 միլիոն 400 հազար դրամով նախատեսվում է թարմացնել ոստիկանության ավտոմոբիլային ցանցը, ՃՈ-ում GPRS ներդնելու համար նախատեսել են 25 միլիոն 704 հազար դրամ, որը թույլ է տալու վերահսկել ՃՈ տրանսպորտային միջոցների շարժը, կանգնելու տևողությունը:

Մնացած գումարները նախատեսում են ծախսել շինարարական աշխատանքներ, վեբկայքի մշակում և սպասարկում իրականացնելու համար, ինչպես նաև մի շարք անձնագրային ծառայությունների սրահներում հերթերը կարգավորելու համար տերմինալներ են ձեռք բերելու:

Այլ կերպ ասած, հակակոռուպցիոն ռազմավարության քողի տակ կառավարությունն ավելացնում է ՀՀ ոստիկանության ֆինանսավորումը 1 միլիարդ 198 միլիոն դրամով:

Կառավարությունը հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում շուրջ 111 միլիոն դրամ կհատկացնի ՊԵԿ-ին:

22222222

39 միլիոն 623 հազար դրամով ՊԵԿ-ն իրականացնելու է հանրային իրազեկման քարոզարշավներ տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացման ուղղությամբ:

25 միլիոն 176 հազարով հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում է իրականացվելու հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում:

20 միլոն 400 հազար դրամով էլ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է ներդնել և գործարկել հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտությունների իրականացման ընթացակարգեր:

Կարճ ասած, հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ՊԵԿ ոլորտի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցնելու:

Կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում է 35 միլիոն դրամից ավելի գումար հատկացնել՝ մանկավարժների համար բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով գիտագործնական դասընթացներ կազմակերպելու համար:

20 միլիոն դրամով էլեկտրոնային համակարգ է ստեղծվելու, որը շահագրգիռ անձին կամ կառույցին հնարավորություն պետք է տա ստուգելու, թե տվյալ դիպլոմը տրվել է հավատարմագրված բուհի կողմից, թե ոչ: 29 միլիոն 500 հազար դրամ՝ Ազգային գրադարանում մինչ այսօր Հայաստանում պաշտպանված բոլոր ատենախոսությունների բազայի ստեղծում է նախատեսվում իրականացնել: Նշված են նաև մի շարք այլ ծախսեր:

Առողջապահության ոլորտին հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցների ու ծախսերի վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն:

 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝