Լեգենդը գնաց դեպի անմահություն, ներքաղաքական անցուդարձ և այլն. հոկտեմբերի 1-ի ամփոփումը

charles_aznavour

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մեկնարկից 10 օր առաջ 94 տարեկան հասակում մահացավ շանսոնի լեգենդը՝ Շառլ Ազնավուրը: Նա գնաց դեպի անմահություն, իսկ մեզ ու աշխարհին թողեց իր անզուգական արվեստը՝ պոեզիայի անթոլոգիան ու հոգեթով երգերը:

Ազնավուրի մահվան առիթով տեսաուղերձի միջոցով հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին, մեծ շանսոնյեի արվեստի երկրպագուներին, հարազատներին ցավակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Ազնավուրի մահը համարեց մեծագույն կորուստ: «Ազնավուրը ստեղծել է վերազգային, համամարդկային արժեքներ»,- ասաց նա:

Հայաստանյան ներքաղաքական կյանքը շարունակեց օրակարգային հարցերի արծարծումը: Կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հանդիպումից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով: «Մենք պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց պետք է սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրությունները՝ 2-3 ամսվա ընթացքում»,- հայտնեց վարչապետը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ ՀՀ վարչապետը խոսեց նաև սոցցանցային տեսաուղերձի ժամանակ: Նա ասաց, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չկա, և այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժողովրդական պահանջ է ձևավորվել: «Բիզնեսն այժմ շունչը պահած վիճակում է լինելու՝ մինչև միջնաժամկետ ստանա, այսինքն՝ իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը կառավարության հետ աշխատելու է»,- նշեց նա:

Վարչապետը սոցցանցի միջոցով նաև 2 կարևոր որոշումների մասին հայտնեց: Դրանցից մեկի համաձայն՝ երիտասարդ ընտանիքներն այսուհետ կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, ավելի ճիշտ՝ արտոնությունների շրջանակն ընդլայնվել է: Եթե նախկինում արտոնությունից օգտվում էին այն ընտանիքները, երբ ամուսինների տարիքների գումարը 65 տարի էր, ապա այժմ 65-ը դարձել է 70 տարի: Նման ընտանիքները կարող են երկրորդային շուկայից՝ ոչ նորակառույց շենքերից բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով. Երևանում հիփոթեքային վարկի տոկոսն առավելագույնը կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում՝ 5,5 տոկոս: Նշենք, որ որոշումը չի վերաբերում նրանց, ում նկատմամբ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն է ստանձնել:

Երկրորդ որոշումը վերաբերում է կառավարությունից սուբսիդիա տրամադրելուն: Սուբսիդավորումը վերաբերում է աշնանացանի ծրագրին: 1-7 հա-ի վրա ցորենի, գարու և կերային մշակաբույսերի ցանք անելու դեպքում կառավարությունից յուրաքանչյուր 1 հա-ի համար 60 հազար դրամ սուբսիդիա կտրվի: Որոշումը վերաբերում է 31 համայնքի:

Քննարկումների օրակարգից դուրս չի եկել դատարանների ու դատավորների գործունեության թեման: Այս համատեքստում փաստաբաններն ու իրավապաշտպանները քննարկմանը փորձեցին ստանալ այն հարցի պատասխանը, թե արդարացվա՞ծ է համաներում կիրառելու հանրային պահանջը, և ինչո՞ւ է այն ուշանում: Դատապարտյալների հարազատներն այն կարծիքին են, որ նախկինում անարդար վճիռներ են կայացվել, իսկ այսօր, երբ դատական համակարգի գործելաոճում նոր սկզբունքներ են կիրառվում, բանտերում հայտնված քաղաքացիները պետք է ներման արժանանան: Իրավապաշտպանները կարծում են, որ համաներումն անհրաժեշտ է, սակայն պետք է հաշվի առնել ռիսկերը:

Օրվա ընթացքում անպակաս էին բողոքները: Մարալիկցիների բողոքի պահանջը քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականն է: Ըստ մարալիկցիների՝ քաղաքապետը տարիներ շարունակ ղեկավարել է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, «պաշտոնի դրել խնամի-ծանոթ-բարեկամներին»: Բողոքողները նշեցին, որ հրաժարական պետք է տա նաև համայնքի ավագանին:

Նորագավիթի մաքսատան դիմաց բողոքի ակցիա իրականացրին ավտովարորդները: Ըստ նրանց՝ Բագրատաշենում մաքսազերծում չեն կատարում, և քաղաքացիները հերթերի պատճառով տասնօրյա ժամկետում չեն հասցնում մաքսազերծում իրականացնել: Նման դեպքում իրենք ստիպված են լինում մեքենան մաքսային պահպանության հանձնել օրավարձով: Բացի այդ, մաքսազերծման համար իրենցից «անտրամաբանական» գումարներ են պահանջում:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝