«Գործազրկությունը լավագույն դեպքում 1 տոկոս կարող է նվազել, աղքատությունը համարյա կմնա նույն թիվը»

Снимок

«ԵՄ-ի հետ համաձայնագիրն իր մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որոնք վերաբերում են քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, ստվերի կրճատմանը և Հայաստանի Հանրապետությունը որքան կարելի է ավելի կանխատեսելի, ավելի թափանցիկ պետություն դարձնելու նպատակներին»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ փաստաթղթում կան բոլոր բաղադրիչները, որոնք Հայաստանը կներդաշնակեցնեն ԵՄ ստանդարտներին:

Մակարյանը նշում է, որ եթե սեղանին դրված լիներ 2013 թվականի փաստաթուղթը, որը կոչվում էր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, հնարավոր կլիներ ենթադրել, որ շեշտադրումները կդրվեին տնտեսության և առևտրի վրա: Սակայն այս փաստաթուղթը, չունենալով այդ անունը, իր ներքին բովանդակությամբ էականորեն սպասարկելու է տնտեսությանը: Անդրադառնալով ուղղակի ազդեցության ակնկալիքներին՝ Մակարյանը նշեց.

«Հայաստանը որքան դառնում է գրավիչ, բնականաբար, դա կարող է խթանել օտարերկրյա ներդրումները, տեղական ներդրումները… Եթե մենք դառնում ենք ավելի կանոնակարգված, կանխատեսելի և թափանցիկ պետություն, խթանվում են թե՛ ներքին ներդրումները, թե՛ արտաքին»:

Ռուսական դաշնային հեռուստաընկերությունները հիստերիկ վարքագիծ դրսևորեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեման լուսաբանելիս: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի կարծիքով, որքան ՌԴ տնտեսության վիճակը բարելավվի, այնքան Ռուսաստանի խանդը և ագրեսիան կնվազի:

«Որովհետև ինքը վիրավոր արջի նման չպետք է գտնվի մի անկյունում ու մտածի, որ պետք է ինքը միայն մյուսներին հոշոտելով կամ խանգարելով դուրս գա իրավիճակից, այլ կմտածի երկրի տնտեսական խնդիրների մասին: Բացի այդ, Ռուսաստանը հիմա Հայաստանի դեպքի վրա չէր ցանկանա երկրորդ անգամ սանկցիաներ կիրառելով և ճնշելով Հայաստանին՝ նորից հայտնվեր ավտորիտար ռեժիմում և Ուկրաինայի խնդիրները չմարսած մի հատ էլ նորից Հայաստանի դեպքում պրոբլեմ ունենար, որը կարող էր սրել սանկցիաները»:

Անդրադառնալով Հայաստանի ունեցած ռեսուրսներին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանի աշխատուժի արտադրողականությունը շատ ցածր է, և որպեսզի մեր երկիրը կարողանա լիարժեք օգտվել այդ երկու ընտանիքներից (ԵՄ և ԵԱՏՄ), պետք է էականորեն բարձրացնել աշխատուժի արտադրողականությունը, բարձրացվի ձեռնարկությունների մրցունակությունը՝ հիշյալ ընտանիքներում տեղ զբաղեցնելու համար: Հակառակ պարագայում, մեծ արդյունքների սպասել պետք չէ:

Անդրադարձ կատարվեց նաև թանկացումներին: Մակարյանը նշեց, որ իր հաշվարկներով 500-1000 դրամ սպեկուլյատիվ թանկացում կա (կարագի և այլ ապրանքների գների մեջ): Ներկրողներն, օգտագործելով պահը, բարձրացրել են ապրանքատեսակների գները:

«Այ սրան պետք է հետամուտ լինել, որովհետև մյուս թանկացումներն այդքան էական չեն: Աղքատությունն էական չի նվազելու, գործազրկությունը չի նվազելու, ձեզ պարզ ասեմ: Գործազրկությունը լավագույն դեպքում 1 տոկոս կարող է նվազի 18-ից, բայց դա էական չէ: Աղքատությունը համարյա կմնա նույն թիվը: Ինչո՞ւ, որովհետև մենք տարիներ շարունակ տնտեսական դույլը էնքան ենք ցամաքացրել, որ այդ դույլը լցնելու խնդիր ունենք: Լցնում-լցնում ենք, բայց չենք հասցնում լցնել»:

Մակարյանն ասում է՝ 5 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար շատ փոքր թիվ է:

Դիտվել է՝