«Թրամփը կամ նրա աշխատակիցները քայլեր են ձեռնարկել, ինչի արդյունքում «կրեմլյան զեկույցի» բնօրինակը չի հրապարակվել». Իլարիոնով

Illarionov1

Հրատարակված «կրեմլյան զեկույցը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի անհաջող կատակն է, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին էր: Այս մասին «Գորդոն» հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է քաղաքագետ Անդրեյ Իլարիոնովը: Նա նաեւ պատմել է, թե ինչու լուրջ չի ընդունում ռուսաստանցի քաղաքական գործիչների եւ օլիգարխների ցանկը, ինչպես նաեւ ներկայացրել է իր մասնակցությունը դրա նախապատրաստման գործընթացում:

Հունվարի 29-ին ԱՄՆ ֆիննախարարությունը Կոնգրեսին ներկայացրեց «Կրեմլի զեկույցը»: Դրա բաց հատվածը՝ ռուսաստանցի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ «ռուսաստանյան ռեժիմին» մոտ կանգնած 96 օլիգարխների ցանկը, հրապարակվել է ամերիկյան գործարար հրատարակությունների կողմից: Զեկույցում անդրադարձ կա ռուսաստանցի նախարարներին, նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականներին եւ խորհրդականներին, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետերին, ինչպես նաեւ ավելի քան 1 մլրդ դոլար կարողություն ունեցող գործարարներին՝ ըստ Forbes-ի:

Հունվարի 31-ին Ատլանտյան Խորհրդի փորձագետ Անդերս Ասլունդը հայտարարեց, որ ցուցակը փոխվել է: Նրա խոսքերով, սկզբում փաստաթղթում նշվել է այն օլիգարխների եւ պաշտոնյաների անունները, ովքեր վաստակել են շնորհիվ Պուտինի հետ կապերի:  

Ինչո՞ւ է տեղեկատվության զգալի մասը դասակարգվել որպես գաղտնի եւ ի՞նչ քայլեր են սպասվում  ԱՄՆ կոնգրեսի կողմից,  «Գորդոն»-ին տված հարցազրույցում պատմել է ցուցակի գործող անձանց համար չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբի մասնակիցներից մեկը, նախագահ Պուտինի նախկին խորհրդականը, ԱՄՆ-ում գործող գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Իլարիոնովը:

- Ինչպե՞ս սկսեցիք «կրեմլյան զեկույցի» վրա աշխատել, եւ ի՞նչ դեր եք ունեցել Անդրեյ Պիոնտկովսկու հետ դրա պատրաստման մեջ:

- Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հուլիսին Կոնգրեսն ընդունեց, իսկ օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ-ի հակառակորդների վերաբերյալ օրենքը, ԱՄՆ վարչակազմի միջգերատեսչական խումբ ստեղծվեց, որում ընդգրկվեցին  Ֆինանսների նախարարության, Պետական ​​դեպարտամենտի եւ Ազգային հետախուզության աշխատակիցներ:  

Օրենքի 241-րդ հոդվածի կիրառման համար կատարվել է հատուկ աշխատանք: Ըստ այդմ, պետք է պատրաստվեր մի զեկույց, ցուցակ, որը պետք է ներառեր քաղաքական նշանավոր գործիչների, որոնք մոտ են կանգնած ռուսաստանյան ռեժիմին եւ նախագահ Վլադիմիր Պուտինին, այսպես կոչված, օլիգարխների, պետական ​​եւ կիսակառավարական կազմակերպությունների, որոնք կազմում են Պուտինի քաղաքական ռեժիմի միջուկը:

Խումբը պատրաստվում էր զեկույց ստեղծել 180 օրվա ընթացքում եւ հրապարակել այս տարվա հունվարի 29-ին: Ավելին, հոդվածում ներկայացված էր բավականին մանրամասն տեղեկատվություն, որը պետք է նշվեր զեկույցում: Այնտեղ նշված էր, որ զեկույցը կարող է փակ բաժին ունենալ, որը չի հրապարակի:

Որոշ ժամանակ անց միջգերատեսչական խումբն ինձ եւ իմ գործընկեր Անդրեյ Պիոնտկովսկուն խնդրեց օգնել մշակել չափորոշիչներ զեկույցը նախապատրաստելու համար: Մենք աշխատել ենք Դենիել Ֆրիդի հետ, ով աշխատում է Ատլանտյան խորհրդում, եւ Ատլանտյան Խորհրդի փորձագետ Անդերս Ասլունդի հետ: Մենք առաջարկներ ենք պատրաստել երեք չափանիշների եւ անհատների յոթ խմբի համար, որոնք կարող են ներառվել զեկույցում:

Անդրեյ Պիոնտկովսկու հետ մեր դիրքորոշումը սկզբունքային բնույթ էր կրում: Մենք գործ ունեինք բացառապես չափորոշիչների սահմանման եւ խմբերի նույնականացման հետ, մենք ամերիկյան օրգաններին չենք առաջարկել եւ մտադիր չենք կոնկրետ անձանց մասին խորհուրդներ տալ:

- Պիոնտկովսկին ասել է, որ Վաշինգտոնը լցված էր ռուսաստանցի օլիգարխներով եւ նրանց ներկայացուցիչներով, ովքեր հուսահատորեն փնտրում էին ինչ-որ մեկին համաձայնության գալու համար:

- Իրոք, վերջին ամիսներին կային շատ «բանագնացներ» Վաշինգտոնում, ովքեր հետաքրքրված էին ինչպես չհայտնվել ցուցակում եւ նրանով, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Աչքի ընկնող հասարակական այցելու դարձավ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ով զեկույցի հրապարակումից երկու շաբաթ առաջ հատուկ մեկնեց Վաշինգտոն՝ պարզելու փաստաթղթի բովանդակությունը, այդ թվում, թե արդյոք հնարավոր է կատարել որոշ փոփոխություններ, ով է ցանկում ներառվել, ում չեն ներառի եւ այլ:

Թեեւ զեկույցի բովանդակությունը հայտնի չէր նրան, Քենանի ինստիտուտում իր ելույթի ժամանակ նա հայտարարեց, որ զեկույցն իր դուրը չի գալիս: Այնուամենայնիվ, նա խնդրել է այդ ցուցակում ընդգրկել   Պետդումայի պատգամավորներից մեկի անունը, եւ միեւնույն ժամանակ, հետաքրքրվել, թե Պուտինի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես կարող են խուսափել ցուցակում հայտնվելուց:

- Կարո՞ղ եք անվանել այդ պաշտոնյաների անունները:

- Առայժմ ոչ: Սակայն Վենեդիկտովի ակտիվությունը տպավորություն թողեց Վաշինգտոնում:

- Ինչպե՞ս եք ընկալում իրավիճակը զեկույցի հրապարակման հետ կապված: Ինչո՞ւ այն չհրապարակվեց պաշտոնական կայքերում:

 – Հունվարի 29-ին, երբ Կրեմլը քարացած սպասում էր հրապարակմանը, զեկույցը չհրապարակվեց, ոչ ժ. 9:00-ին, ոչ 12:00-ին, ոչ էլ նույնիսկ ժ. 18:00-ին, այլ հայտարարվեց կեսգիշերին՝ վերջնաժամկետից 12 րոպե առաջ: Հրապարակումը տեղի ունեցավ անսովոր ձեւով:  Զեկույցը տեղ չի գտել ոչ ֆիննախի, ոչ ԱՄՆ Պետքարտուղարության, ոչ Ազգային հետախուզության, ոչ Սպիտակ տան եւ ոչ էլ որեւէ այլ պետական ​​մարմնի կայքում: Փոխարենը, զեկույցը հրապարակվել է The Associated Press, Financial Times, Bloomberg լրատվամիջոցների կողմից:  

Անկեղծ ասած, դա միանգամայն անսովոր է, երբ պաշտոնական փաստաթուղթը, որը պատրաստել է գործադիրն ԱՄՆ Կոնգրեսի հանձնարարությամբ, ի վերջո պաշտոնապես չի հրապարակվում, բայց գաղտնի փոխանցվում է ԶԼՄ-ներին:

Զեկույցի հրապարակումը հանգեցրեց զգացմունքային մեկնաբանությունների փոթորկի `ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Շատ շուտով պարզ դարձավ, որ հրապարակված տեքստը հանդիսանում է չորս ցուցակների ժողովածու:

Փաստաթուղթը պատրաստվել էր այնպիսի արագությամբ, որ չէին հասցրել ստուգել տվյալները:  Զարմանալի չէ, որ ցուցակը կարդալուց հետո մեկնաբանություններ եղան, թե դա խարդախություն է, ամոթ, վարկաբեկում եւ սաբոտաժ: Պուտինը օգտվեց իրավիճակից` հայտարարելով, որ Կրեմլի ցուցակն ուղղված է ամբողջ ռուսաստանցի ժողովրդի դեմ:  

Ընդհանուր առմամբ, ցուցակը ներկայացնում է հրեշավոր անհեթեթություն: Անդերս Ասլունդը պարզել է, որ վերջին պահին այս զեկույցը, որի վրա միջգերատեսչական խմբի աշխատակիցները վեց ամիս աշխատել էին, արգելվել է հրապարակել: Փոխարենը, պահանջվել է մինչեւ վերջնաժամկետը նոր փաստաթուղթ ստեղծել:  Ասլունդը դա համարում է սաբոտաժ: Ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ պակաս, քան նախարարի մակարդակով:

Եզրակացությունը պարզ է: Սա կատակ է: Կարող եմ ասել `անհաջող կատակ: Ոչ ոք ԱՄՆ վարչակազմի կողմից նման քայլ չէր ակնկալում:

- Դուք անվանել եք «օրենքի խախտում» փաստաթղթի բաց հատվածի հրապարակումը: Կարո ՞ղ է դա ապագայում լինել Թրամփի իմպիչմենտի պատճառ:

Ես պատրաստ չեմ մեկնաբանել: Կարեւոր է հասկանալ, որ իմպիչմենտը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կոնգրեսում մեծամասնությունն է քվեարկում դրա համար: Եթե անդամներից շատերը չեն աջակցում նման գաղափարին, ապա իմպիչմենտը հազիվ թե հնարավոր լինի, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում նախագահի աշխատակազմի աշխատանքին:

 

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝