Չնայած տարաձայնություններին՝ Թրամփը G20-ի գագաթաժողովը հիանալի հաջողություն է համարում

_96862394_mediaitem96862393

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովը հաջողված համարեց, չնայած այլ երկրների հետ ԱՄՆ-ի ունեցած տարաձայնություններին՝ կլիմայի փոփոխության հետ կապված հարցերով, – փոխանցում է BBC-ին:

18 երկրների առաջնորդերը եւ ԵՄ-ը համատեղ հայտարարությամբ ընդունեցին կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ «քսանյակի» մյուս անդամները նախկինի նման հավատարիմ են պայմանավորվածություններին: Հայտարարությունում ասվում է նաեւ, որ ԱՄՆ-ը սերտ համագործակցելու է մյուս երկրների հետ, որպեսզի օգնի նրանց էկոլոգիապես ավելի անվտանգ եւ արդյունավետ միջոցներով ձեռք բերել եւ օգտագործել հանածո վառելիքը:

Մամուլի ասուլիսի ավարտին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ամեն դեպքում ափսոսում է այդ հարցի վերաբերյալ Թրամփի ունեցած դիրքորոշման համար: Նա շնորհակալություն է հայտնել մյուս 19 երկրների ղեկավարներին, որոնք կողմ էին համաձայնագրի վերանայմանը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր երկրի կողմից Փարիզյան համաձայնագրի վավերացումը հարցականի տակ է, քանի որ ԱՄՆ-ի դուրս գալը վտանգում է զարգացող երկրների դրամական փոխհատուցումը: Նա նշել է, որ երբ Թուրքիան ստորագրում էր համաձայնագիրը, Ֆրանսիան Անկարային խոստանում է դրամական փոխհատուցում ծախսերի հաշվին, որոնք կապված էին պայմանագրի պայմանների կատարման հետ:

Հիշեցնենք, որ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահն առաջին անգամ հանդիպեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը Թրամփը հիանալի է համարել, իսկ Պուտինն ասել է, որ Թրամփը շատ հարցեր է տվել եւ «իրապես հետաքրքրվել է որոշակի մանրամասներով»:

«Ես որքան կարող էի պատասխանում էի այդ բոլոր հարցերին, պատմել եմ նրան նախորդ աշխատակազմի հետ ունեցած երկխոսությունների, ինչպես նաեւ նախագահ Օբամայի հետ ունեցած զրույցների մասին»- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է՝ հարցը, թե ինչպես ընդունեց Թրամփն իր բացատրություններն, ավելի լավ կլինի տալ անձամբ ԱՄՆ նախագահին:

New York Times թերթը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հայտնել է, որ նախագահներն ենթադրյալ միջամտության հարցը քննարկել են 40 րոպե եւ զրույցը բավականին լարված է եղել:

Ամերիկացի հոդվածագիրների կարծիքով Պուտինին հաջողվել է խուսափել ամենակարեւոր թեման քննարկելուց՝ Ռուսաստանի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը: New York Times-ի տվյալներով ուկրաինական թեման այդ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել:

Աղբյուր՝.BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝