FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին փորձել է խափանել Բեռլուսկոնիի քվեարկությունը

image

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին բարձրացել է քվեաթերթիկներով լի սեղանի վրա Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դիմաց, երբ նա քվեարկելու համար ժամանել էր ընտրատեղամաս:

Ակցիայի ժամանակ աղջիկը բղավել է. «Ժամանակը լրացել է, Բեռլուսկոնի: Դու չափից ավելի մնացիր տեղում»: Մի քանի վայրկյան անց անվտանգության աշխատակիցներն աղջկան հեռացրել են սրահից, իսկ քաղաքական գործիչը քվեարկել է:

Կիրակի օրը Իտալիայում՝ երկրում, որը Brexit-ից հետո կդառնա Եվրոպայի տնտեսապես հզոր երրորդ երկիրը, տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ:

Հաղթանակի համար պայքարում են երեք հիմնական քաղաքական ուժերը՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն կոալիցիան, իշխող ձախակենտրոնները եւ «Հինգ աստղերի շարժում» պոպուլիստական ուժը:

Երկրի առջեւ ծառացած խնդիրները վերջին տարիներին այդքան էլ չեն փոխվել՝ հսկայական պետական պարտք, տնտեսության լճացում, անկայուն բանկեր, աղքատության բարձր մակարդակ՝ հատկապես երիտասարդների շրջանում, եւ քաղաքական պոպուլիզմի աճ, որն առավել ակնհայտ է դարձել 2015թ.-ի միգրացիոն ճգնաժամից հետո:

Ընտրություններից առաջ վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցհարցումներ չեն իրականացվել, ինչը դժվարացնում է կանխատեսումները: Ըստ վերջին հարցումների, որն անցկացվել է փետրվարի կեսերին, առաջատար էր համարվում Բեռլուսկոնիի կոալիցիան: Սակայն, հենց այդ նույն հարցման տվյալներով, ոչ մի քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի դառնա, հետեւաբար, անհրաժեշտություն կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Բեռլուսկոնին նույնիսկ աջակենտրոնների հաղթանակի դեպքում չի կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ նախկինում դատապարտված է եղել ֆինանսական հանցագործության համար:

Ավելի վաղ, FEMEN-ի ակտիվիստուհի ուկրաինուհի Անժելիկա Դիաշը հունվարի 12-ին փորձել է նման ձեւով բողոքի ակցիա իրականացնել Չեխիայում նախագահական ընտրությունների ժամանակ: Աղջիկը դուրս է պրծել երկրի գործող, հետագայում վերընտրված նախագահ Միլոշ Զեմանի դիմաց: Դրանից հետո դատարանը որոշեց Դիաշին արտաքսել եւ դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝