Մեծահարուստների վարկանիշային աղյուսակը՝ Bloomberg-ի վարկածով

1413806417

Բլումբերգ գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 500 անձանց վարկանիշային ցուցակը, հաղորդում է BBC-ն: Bloomberg Billionaires Index-ի ցանկը գլխավորում է  Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Առաջին հարյուրյակում տեղ են գտել 8 ռուսաստանցիներ, որոնցից ամենահարուստը`Լեոնիդ Միխելսոնը, զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը:

Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 85,6 մլրդ ԱՄՆ դոլար, ներդրող Ուորեն Բաֆեթինը՝ 78,9 մլրդ, իսկ մագնատ Կառլոս Սլիմինը՝ 53 մլրդ դոլար: Ի դեպ, արաբական ծագումով մեքսիկացի 75-ամյա գործարարը «Ֆորբս» ամսագրի տվյալներով 2010, 2011 և 2012 թվականներին համարվել է աշխարհի ամենահարուստ մարդը:  Սլիմի կարողությունը հավասար է Մեքսիկայի համախառն ներքին արդյունքի 8%-ին:

«Սիբուր» եւ «Նովատեկ» ընկերությունների համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը տիրապետում է 17,5 մլրդ դոլար կարողության: Աղյուսակի 51-րդ հորիզոնականը զբաղեցնող Վլադիմիր Պոտանինը՝ «Նորիլսկի նիկել» ընկերության ղեկավարը, 16,6 մլրդ դոլար կարողություն ունի, «Սեւերստալի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը 16,5 մլրդ դոլարով 54-րդն է, իսկ «Ռենովա» խմբի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը 62-րդն է՝ 14,8 մլրդ դոլար կարողությամբ:

«Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը տնօրինում է 11,4 մլրդ դոլար կարողության եւ ամենահարուստ 500 անձանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 104-րդ տեղը, իսկ Վլադիմիր Պուտինի մտերիմ, Volga Group ներդրումային խմբի ղեկավար Գենադի Տիմչենկոն  11,3 մլրդ դոլարով հաջորդում է նրան:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝