Ալիեւն արտահերթ ընտրություններ է նշանակել. դա նրա ինչի՞ն է պետք. BBC

Ilham+Aliyev+Viktor+Orban+EU+Leaders+Attend+G6-W-sUKimml

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրությունների անցկացման օրը կես տարով շուտ է նշանակել: Քվեարկության օրը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշմամբ կկրճատվի նրա մրցակիցների ժամանակը նախընտրական արշավի նախապատրաստման համար»,-հայտնում է BBC-ն:

2016թ.-ի հանրաքվեից հետո Ալիեւն իրավունք է ստացել արտահերթ ընտրություններ հայտարարել, ինչն ադրբեջանական ընդդիմությունը գնահատում է որպես իշխող վարչակազմի բռնակալական բնույթն ամրապնդելու փորձ: Նույն հանրաքվեի արդյունքներով նախագահի իշխանության ժամկետը երկարաձգվում է՝ 5-ից դառնալով 7 տարի:

Իլհամ Ալիեւը, ով իշխանության ղեկին է արդեն 14 տարի, կրկին կմասնակցի ընտրություններին: Նրան առաջադրել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը: Մյուս թեկնածուներն են «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարը եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Իսա Ղամբարն ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառ է համարում երկրի վատթարացող տնտեսական վիճակը, որը սկսվեց 3 տարի առաջ՝ նավթի գների անկումից հետո:

«Իշխանությունները հասկանում են, որ ճգնաժամը սրվում է, եւ մինչեւ տարեվերջ հանրության դժգոհությունը կավելանա, դրա հետ մեկտեղ նաեւ էլեկտորատի բողոքական տրամադրությունները»,-նշել է նա:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին պնդում է, որ Ալիեւը, փոխելով ընտրությունների անցկացման օրը, ցանկանում է կրճատել իր մրցակիցների ժամկետը նախընտրական շրջանի նախապատրաստությունների համար:   

Ադրբեջանն աշխարհի երկրների ժողովրդավարության ցուցիչում զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը  («ավտորիտար երկիր» կատեգորիայում):  

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝