Աշխարհի շուրջը 960 օրում. տարեց ճամփորդուհին վերադարձել է Բեռլին

17275017_1103036626491610_402080662_n

«Հուդո» մականունով ավտոմեքենան «փռշտում, հազում ու փնչացնում է», նաեւ բենզինի ուժեղ հոտ է տարածում: Hudson Greater Eight մակնիշի կարճ անվանումով գերմանական «Հուդո»-ն պատկանում է Բեռլինում բնակվող Հայդի Հետցերին: Այս կինը հայտնի է նաեւ Գերմանիայի սահմաններից դուրս՝ որպես ավտոմրցավազքի մասնակից եւ Բեռլինի ամենամեծ ավտոսրահներից մեկի սեփականատեր: Ավելի քան 2 տարի եւ 7 ամիս «Հուդո»-ն եւ Հայդին ճանապարհներին են եղել, անցել շուրջ 84 հազար կմ: Շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտվել է Բրանդենբուրգյան դարպասի մոտ:

Հայդին Բեռլինից մեկնարկել է 2014թ.-ի հունիսի 27-ին: Օլիմպիական մարզադաշտի մոտ  մեկնարկից առաջ նա բարձրացել է ավտոմեքենայի վրա եւ հրաժեշտ տվել բոլորին: Այդ պահին նա արդեն վաճառել էր իր ավտոսրահը եւ կարգավորել բոլոր գործերը ճանապարհորդության մեկնելուց  առաջ. նա կարող էր եւ չվերադառնալ:

Վերադարձել է այնպիսի տպավորություններով, որոնք բավարար են եւս մեկ կյանք ապրելու համար: Չնայած այդ ճանապարհորդությունից առաջ էլ նա ձանձրալի կյանքով չի ապրել: Դեռեւս երիտասարդ տարիքում Հայդին ավտոմեքենայով անցել է Պանամայից մինչեւ Ալյասկա եւ Դյուսելդորֆից մինչեւ Շանհայ:

Ճանապարհը նրան սովորեցրել է խիստ հավակնոտ չլինել: «Մարդուն այնքան քիչ բան է պետք»,- եզրափակում է նա իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որի ընթացքում Հայդին եղել է Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:

Ճանապարհին նա հասկացել է, թե ինչքան կարիք է ունեցել գրկախառնությունների: «Ընտանիքի կարեւորությունը ես հասկացել եմ ճանապարհորդության ընթացքում, նաեւ ընկերների՝ հավատարիմ, իսկական»,-գրել է նա իր բլոգում:

Եռանդուն եւ շփվող կինը Բեռլինում աշխարհիկ կյանքի լեգենդն էր համարվում, նա պատրաստակամորեն հարցազրույցներ էր տալիս եւ բոլոր  հնարավոր թոք-շոուների հյուրն էր: Դեռ ավտոսրահը վաճառելուց առաջ, կարելի էր կանխատեսել, որ թոշակառուի կյանքը նրա համար չէր: Երեխաները՝ որդին եւ դուստրը, արդեն պատրաստ էին դրան: «Մենք պայմանավորվել էինք, որ ես քամուն եմ տալու ամբողջ ժառանգությունը»,- ասել է Հայդին մեկնումից առաջ: Ամռանը նա կդառնա 80 տարեկան:37881136_303 37881222_401 17275017_1103036626491610_402080662_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝