Կատալոնիայի ավելի քան 700 քաղաքների քաղաքապետեր պահանջել են ինքնորոշման հանրաքվե

image

Կատալոնիայի ավելի քան 700 քաղաքների քաղաքապետեր Բարսելոնայում երթի են դուրս եկել՝ պահանջելով, որ թույլատրեն անցկացնել ինքնորոշման հանրաքվե, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 1-ին, հայտնում է Associated Press գործակալությունը:

«Պետք չէ թերագնահատել կատալոնացիներին»- ասել է Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել քաղաքապետերին, որ նրանք չեն հրաժարվել հանրաքվե անցկացնելու գաղափարից՝ չնայած այն հանգամանքին, որ դատախազությունը ոստիկանությունից պահանջել է հարցաքննել այն քաղաքների ղեկավարներին, ովքեր նպաստելու են հանրաքվեի անցկացմանը, ինչպես նաեւ ձերբակալել նրանք, ովքեր կհրաժարվեն ներկայանալ հարցաքննություններին:

Հանրաքվեի անցկացման որոշումն ընդունվել է Կատալոնիայի ղեկավարության կողմից Մադրիդի կենտրոնական կառավարության հետ պայմանավորվելու մի շարք անհաջող փորձերից հետո:

Ավելի վաղ Իսպանիայի գլխավոր դատախազ Մանուել Մասան հայտնել է, որ Իսպանիայի ոստիկանությանը, քաղաքացիական գվարդիային եւ Կատալոնիայի ոստիկանությանը կարգադրվելու է առգրավել հանրաքվեի քվեաթերթիկները:

Մասայի կարգադրությունից հետեւում է նաեւ, որ  շրջանային ոստիկանության բաժինները տեղի դատախազություն պետք է հարցաքննման հրավիրեն կատալոնյան քաղաքների քաղաքապետերին, ովքեր նպաստելու են հանրաքվեի անցկացմանը: Նրանք, ովքեր կհրաժարվեն ներկայանալ, ոստիկանությունը պետք է ձերբակալի: Քաղաքապետերին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:

Աղբյուր՝ Associated Press

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝