«Իսլամական պետության» շարքերում մարտնչում են ԱՊՀ երկրների 5-7 հազար քաղաքացիներ. Պուտին

putin

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են ԱՊՀ երկրների 5-7 հազար քաղաքացիներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալու ընթացքում:

«Համաձայն տարբեր գնահատականների ԻՊ-ի շարքերում արդեն մարտական գործողությունների են մասնակցում ԱՊՀ երկրների 5-7 հազար քաղաքացիներ: Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ նրանք այսօր Սիրիայում ստացած փորձը հետագայում կիրառեն մեր երկրում»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, ԻՊ-ի շարքերում գտնվող ռուսաստանցիների քանակի մասին խոսելով, ռուսաստանցի ուժայինները նշել են 1000-2000 թիվը: Հունիսին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել էր, որ ԻՊ-ի շարքերում մարտնչում են ավելի քան 1000 ՌԴ քաղաքացիներ:

«Իսլամական պետությունը» շատ երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում արգելված խմբավորում է: Այն կազմավորվել է Սիրիայում: Այս շաբաթ խմբավորումը կոչ է արել իր համախոհներին «սրբազան պատերազմ» մղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեմ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝