
Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը 5 ամսվա ընթացքում նվազել է 12%-ով՝ 60%-ից հասնելով 48%-ի: «Լեւադա կենտրոն» կազմակերպության հետազոտության արդյունքներով, այնուամենայնիվ, նա ամենամեծ մասսայականություն վայելող քաղաքական գործիչն է Ռուսաստանում:
Ավելի վաղ պետական վիճակագրական գործակալությունը հրապարակել էր սեփական հետազոտությունը, ըստ որի ՌԴ նախագահի աշխատանքին հավանություն էր տվել հարցվածների 63,4%-ը:
«Լեւադա կենտրոն»-ի հարցումների համաձայն, վստահության վարկանիշային ցուցակում Պուտինին հաջորդում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (19%) եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (14%): Ցուցակում տեղ է գտել նաեւ Ալեքսեյ Նավալնին, ում վստահում է ռուսաստանցիների 2%-ը:
Ամենաքիչ մասսայականություն վայելող քաղաքական գործիչը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն է: Նրա անվստահության ցուցանիշը կես տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 15%-ից հասնելով 30%-ի: Անվստահելիների ցուցակում 2-րդ տեղն է զբաղեցնում Վլադիմիր Ժիրինովսկին (18%) եւ Քսենյա Սոբչակը (15%): Նավալնիին անվստահություն է հայտնել ռուսաստանցիների 6%-ը:
«Լեւադա կենտրոն»-ի սոցիոլոգների կարծիքով՝ վստահության ցուցանիշի կտրուկ անկումն էականորեն կապված է կենսաթոշակային տարիքի բարձրացման որոշման, Արեւմուտքի հետ շարունակվող առճակատման, Սիրիայի եւ Ուկրաինայի պատերազմներին միջամտելու հետ:
Աղբյուր՝ currenttime.tv
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան