ՌԴ Պետդումայի պատգամավորին ձերբակալել են ավելի քան 3 մլրդ ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով

129_486

Եկատերինբուրգի Լենինյան դատարանը քննում է «Արդար Ռուսաստան» կուսակցությունից ՌԴ Պետդումայի պատգամավոր Վադիմ Բելոուսովի դեմ քննիչի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Ինտերֆաքսը: Պատգամավորը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

«Ներկա պահին Բելոուսովը տեղափոխվել է դատարան, որտեղ կորոշվի նրա խափանման միջոցի հարցը»,-ասել է պատգամավորի փաստաբան Իգոր Տրունովը:

Նրա խոսքերով՝ Վադիմ Բելոուսովին կանչել են Եկատերինբուրգ՝ հարցաքննության, ինչից հետո նա ձերբակալվել է եւ տեղափոխվել դատարան:

Քննության պնդմամբ՝ 2010թ.-ի մայիսից 2014թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում պատգամավորը Չելյաբինսկի նախկին նահանգապետ Միխայիլ Յուրեւիչի հետ՝ գործելով հանցավոր խմբի կազմում, հոլդինգի ղեկավարից ստացել են ավելի քան 3,2 մլրդ ռուբլի կաշառք՝ հովանավորչության ապահովման պայմանով: Այդ հոլդինգը հաղթող է ճանաչվել փողոցաշինության մրցույթում, իսկ պետական ձեռնարկության տնօրենի պաշտոնում նշանակվել են կաշառատուների վերահսկողության տակ գտնվող անձինք:

Պետդուման Բելոուսովին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա դեմ քրեական գործ հարուցելու համաձայնություն է տվել:

Պատգամավորին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝