Վրաստանը չի հրաժարվի ՌԴ-Հայաստան գազային տրանզիտից, քանի որ մեծ օգուտ է ստանում

gaz5

Վրաստանը կշարունակի իրականացնել դեպի Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի տրանզիտային իր գործառույթը: Այդ մասին, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Բնականաբար, մենք չենք պատրաստվում հրաժարվել տրանզիտային գործառույթից, քանի որ դա մեր երկրին բավականին մեծ օգուտ է բերում, եւ մենք շահագրգռված ենք դրանում»,-նշել է Բախտաձեն՝ պատասխանելով հարցին, թե կվերանայվի՞ արդյոք «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ 2 տարի առաջ ստորագրած համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է նոր պայմանագրին, ապա, ըստ վարչապետի, եթե ինչ-որ փոփոխություններ էլ լինեն, հանրությունը մանրամասնորեն կիրազեկվի: Բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կհստակեցվեն ժամկետները:

Վրաստանի եւ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2017թ.-ին Հայաստան մատակարարվող տրանզիտային գազի դիմաց վճարումը կատարվել է խառը համակարգով՝  մասամբ գումարով, մասամբ էլ հումքով: Իսկ 2018-ին տրանզիտի դիմաց վճարումը կատարվել է միայն գումարով: «Գազպրոմ էքսպորտը» երաշխավորել էր Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարեկան 2-2,2 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, նաեւ կապույտ վառելիքի տրամադրում Վրաստանին ճկուն պայմաններով:  

Նախկինում Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի տրանզիտի համար Վրաստանը ստանում էր տեղափոխվող վառելիքի ամբողջ ծավալի 10%-ը: Այժմ Վրաստանին անհրաժեշտ գազի մատակարարումները կատարվում է Ադրբեջանից:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝