Քաղցկեղը հաղթահարած կինը երկվորյակներ է ծնել, չնայած նա վիճակախաղում շահելու ավելի մեծ հնարավորություն ուներ, քան հղիանալու

20547

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը 33-ամյա Վիկի Սանդիլանսին անպտուղ էր դարձրել. բժիշկները պնդում էին, որ քիմիաթերապիայից հետո նա ավելի մեծ հնարավորություն ունի վիճակախաղում խոշոր գումար շահելու, քան հղիանալու: Չնայած դրան, Վիկին ծնել է բնական ճանապարհով բեղմնավորված երկվորյակների՝ տղայի եւ աղջկա:

Դեռեւս 2013 թվականին Վիկին աջ պտուկից տարօրինակ արտադրություն է նկատել եւ կրծքի մեջ ոչ մեծ գոյացություն շոշափել: Բժիշկները խորհուրդ են տվել հետազոտվել, բայց նա, չգիտես ինչու, այն հետաձգել է: Միայն կես տարի հետո՝ արդեն 2014 թվականի մարտին է, վերջապես, բիոպսիա կատարել, որով հաստատվել է, որ նրա մոտ քաղցկեղ է:

Նրա կուրծքը հեռացրել են, որի հետո ստիպված էր քիմիաթերապիա ընդունել:

«Մազերս ամբողջությամբ թափվել էին, դա սարսափելի էր, եւ բուժումը փաստացի զրոյացրել էր մայրանալու իմ հնարավորությունը: Ընտանիքի մասին իմ բոլոր երազանքները փշրված էին, բայց ես, միեւնույն է, շնորհակալ էի բժիշկներին, որ կյանքս փրկել են»,- ասել է Վիկին:

Մինչեւ 2015 թվականի ապրիլը նա քիմիաթերապիա է ստացել, որից հետո որոշվել է հեռացնել նաեւ երկրորդ կուրծքը:

Բուժումից հետո 2 տարի անց Վիկիի ինքնազգացողությունը վատթարացել է: Հղիության թեստ կատարելով՝ նա չէր կարողանում աչքերին հավատալ՝ այնտեղ առկա էր երկու շերտ: Իսկ որոշ ժամանակ անց ՈՒՁՀ-ն ցույց է տվել, որ կունենա միանգամից երկու երեխա:

Էլլա-Ռոզան եւ Սեբաստյանը ծնվել են հղիության 37-րդ շաբաթում: Մի քանի օր առաջ նրանք նշել են իրենց առաջին տարեդարձը:

Երեխաների ծնվելուց հետո Վիկին, որը քաղցկեղի հանդեպ նախահակվածություն ունի, ենթարկվել է գիստերէկտոմիայի՝ արգանդի հեռացում, որ նվազեցնի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը:

  

med.news.am

Դիտվել է՝