Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ

_104236891_gettyimages-1034469598

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել 3 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Ղրիմի անեքսիայի հետ, հայտնում է BBC-ն: Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Ուկրաինայի 2 քաղաքացի՝ անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, եւ ռուսաստանցի 1 գեներալ:

Ցուցակում տեղ են գտել Ալեքսանդր Բասովը, Անդրեյ Սուշկոն եւ Վլադիմիր Զարիցկին, նաեւ 3 առողջարան, մի քանի այլ ընկերություններ եւ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ)  պետական անվտանգության նախարարությունը:   

Ալեքսանդր Բասովն Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակից է եղել, իսկ ինքնահռչակ հանրապետության հիերարխիայում զբաղեցնում է պետական անվտանգության փոխնախարարի պաշտոնը:

Անդրեյ Սուշկոն Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետ է:

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցները կառնչվեն այն ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին, որոնք մասնակցել են Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում բիզնես-նախագծերին կամ խախտել են մարդու իրավունքները Ղրիմում եւ Դոնբասում:

Ուոլքերը նաեւ ընդգծել է, որ փաստաթղթում առաջին անգամ կնշվի, որ Ուկրաինայի արեւելքում՝ ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝