Խաշոգջիի մարմինը մասնատվել եւ ոչնչացվել է. Թուրքիայի դատախազություն

09949E01-BAD5-4A87-9F5C-2C87D9D479B0_w1023_r1_s

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը մասնատվել եւ ոչնչացվել է այն բանից հետո, երբ նրան խեղդամահ են արել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Այդ մասին հայտնում է svoboda.org-ը՝ հղում անելով CNN-ին: Թուրքիայի դատախազությունից հայտնել են, որ հանցագործները գործել են նախապես մշակված ծրագրով:

Մեկ շաբաթ առաջ թուրքական ոստիկանությունը հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորի զննման թույլտվություն էր ստացել, քանի որ կասկածներ կային, որ լրագրողի մարմնի մասերը հենց այնտեղ են թաքցրել: Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Խաշոգջիի մարմնի մասերը հայտնաբերվել են թագավորության գլխավոր հյուպատոսի այգում: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:

Իսկ անգլիական ԶԼՄ-ները հայտնել են, որ բրիտանական հետախուզությունը նախապես տեղյակ է եղել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից ընդդիմադիր լրագրողի առեւանգման ծրագրի մասին, սակայն չի կարողացել հետ պահել Էր-Ռիյադին այդ գործողությունից:

Սաուդյան իշխանությունները հայտարարել են 18 կասկածյալների ձերբակալության մասին՝ միաժամանակ հերքելով սեփական մասնակցությունը սպանության կազմակերպման գործում: 

Արեւմտյան երկրներում կարծում են, որ Խաշոգջիի սպանության պատվիրատուները կարող են կապված լինել թագավորական ընտանիքի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողի սպանությունը համարել է կանխամտածված եւ նախապես ծրագրված:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝