Լրագրողը մորն ուղղված հուզիչ տեսաուղերձ է ձայնագրել ահաբեկչության ժամանակ

437d5ad7-d62d-4fc1-ab77-fb68d951fc59

Հնդկաստանի Doordarshan հեռուստաալիքի լրագրող Մոր Մուքութ Շարմը մորն ուղղված հուզիչ տեսաուղերձ է ձայնագրել այն ժամանակ, երբ նկարահանող խումբը ենթարկվել է հարձակման: Տեսանյութը հրապարակվել է  հեռուստաալիքի Twitter-յան էջում:

«Նա մտածում էր, թե իր կյանքի վերջին վայրկյաններն են: Բայց նա ապրեց… Doordarshan-ի լրագրող Մոր Մուքութ Շարմը կիսվել է  իր սրտահույզ տառապանքներով՝ նաքսալիթների (կոմունիստական զինված խմբավորումներ, որոնք հայտնի են իրենց արյունալի ահաբեկչություններով) նենգ հարձակման ժամանակ»,-գրել են հեռուսատաընկերության աշխատակիցները:

Տեսանյութում լրագրողը պառկած է գետնին՝ թաքնվելով հարձակվողներից: Նայելով տեսախցիկին՝ նա դիմում է մորը եւ ջերմ խոսքերով իր սերն է արտահայտում: «Ամենայն հավանականությամբ, ես կսպանվեմ այս հարձակման ժամանակ»,-ասում է նա:

Շարմը պատմել է, որ նկարահանող խումբը շրջափակման մեջ է հայտնվել, երբ մեկնել է Դանթեվադի շրջան՝ լուսաբանելու ընտրությունները: Անկախ նրանից, որ լրագրողական խումբը եղել է ոստիկանների հսկողության ներքո, թիմը հայտնվել է ահաբեկչական գործողության թիրախում: Հարձակման ժամանակ զոհվել են Doordarshan հեռուստաալիքի օպերատորը եւ 2 ոստիկան:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝