ՌԴ ԱԳՆ-ն «աննրբանկատ» է կոչել Բոլթոնին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության մասին խոսքերի համար

1531693460

Ռուսաստանի արտգործնախարարությունն «աննրբանկատություն» է անվանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երեւանում արած հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանցի դիվանագետները կարծում են, որ Բոլթոնը կոչ է արել Հայաստանին՝ հրաժարվել Ռուսաստանի հետ բարեկամությունից, նաեւ գովազդել է ամերիկյան զենքը:

Գերատեսչությունում Բոլթոնի խոսքերը համեմատել են Երեւանում ավելի վաղ արված հայտարարության հետ, երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պատմել է Հայաստանում որոշակի խմբերին Վաշինգտոնի կողմից ցուցաբերված նպատակաուղղված աջակցության մասին: Նա նաեւ խոստացել էր երկրին տրամադրել 26 մլն դոլար՝ «քաղհասարակության եւ ԶԼՄ-ների ամրապնդման» համար:

«Թվում էր, թե ներքին գործերին ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ «աննրբանկատություն» չի լինի. պարզվեց՝ այդպես չէ: Օրերս Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»՝  առանձնապես չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է: Նա նաեւ Նիկոլ Փաշինյանին նախաձեռնողական քայլեր ձեռնարկելու ակնկարկ արեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, բնականաբար, չմոռացավ նաեւ գովազդել ամերիկյան զենքը»,–ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝