Ադրբեջանցի նավթային մագնատին մեղադրում են Վրաստանի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ

images_cms-image-000044397

Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի այցը Վրաստան սկանդալի պատճառ է դարձել, հայտնում է meydan.tv-ն:

Վրաստանում SOCAR-ին մեղադրում են «Վրացական երազանք» կուսակցությունից նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու եւ վրացական նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Մառնեուլի շրջանում, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ, Աբդուլլաեւին դիմավորել են բողոքի ակցիայով:

SOCAR-ի նախագահը շրջան է ժամանել ընտրությունների նախորդ օրը, որպեսզի օգնի «Վրացական երազանքին», եւ հավաքվածներին բացահայտ կերպով կոչ է արել քվեարկել այդ կուսակցության թեկնածուի օգտին:

Խորհրդարանական փոքրամասնության անդամ Ռոման Գոցիրիձեն իր հերթին կոչ է արել բոյկոտել SOCAR ընկերությանը եւ հրաժարվել ադրբեջանական ընկերության վառելիքից: Նրա խոսքերով՝ ոչ ոք իրավունք չունի միջամտել այլ երկրի ընտրություններին:

«SOCAR ընկերության նախագահի գործը չէ Բաքվից գալ եւ ընտրություններից առաջ շրջել այն շրջանում, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ: Զբաղվե՛ք ձեր գործերով: Մեզ հայտնի է, որ ընկերությունը գումար է փոխանցել Սալոմե Զուրաբիշվիլիի «սեւ ընտրական հիմնադրամ»»,-հայտարարել է Գոցիրիձեն:

 

Դիտվել է՝