Նիկոլ Փաշինյանը հայտնվեց բանակ չունեցող գեներալի վիճակում. սառնարան Փաշինյանի համար. «Կոմերսանտ»

KMO_163377_00107_1_t218_024403 (1)

Հայաստանյան իրադարձությունները շարունակում են մնալ ռուսական լրատվամիջոցների, մասնավորապես «Կոմերսանտ» պարբերականի դիտակետում: Դրա թղթակից Վլադիմիր Սոլովյովը հերթական անդրադարձն է արել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

Ըստ պարբերականի՝ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տասնյակ հազարավոր կողմնակիցների հավաքը ԱԺ պատերի մոտ չէր կարող չլինել, բողոքի ցույցերի վերսկսումը միայն ժամանակի հարց էր: ԱԺ լուծարումը, որտեղ 105 պատգամավորից միայն մի բուռն է միանշանակ կողմ Փաշինյանին, նրա կողմից իշխանական բոլոր լծակներին տիրանալու անհրաժեշտ պայման է:

«Մայիսյան թավշյա հեղափոխությունն իրականում հեղափոխություն չդարձավ: Հրապարակից զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց բանակ չունեցող գեներալի վիճակում: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանել է քաղաքական իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը և հոկտեմբերի 2-ին օգտվեց դրանից՝ նախաձեռնելով մի օրենքի ընդունում, որն, ըստ էության, արգելափակում է խորհրդարանի լուծարումը»,- գրել է պարբերականը:

Ժողովրդականություն չվայելող և վարչական ռեսուրսից զրկված հանրապետականներն արդարացիորեն մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունների դեպքում չեն անցնի խորհրդարան: Սակայն նրանք շատ անպատեհ պահ ընտրեցին իրենց համար այդ տհաճ սցենարը կանխելու կամ հետաձգելու համար: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի աջակցությունն ամենևին չի նվազել. նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 81,05 տոկոսը: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետ ընտրվեց հայտնի կատակերգու դերասան Հայկ Մարությանը: Նույն հաջողությամբ Երևանի քաղաքապետ կարող էր ընտրվել մի անշունչ առարկա, եթե նրա օգտին քարոզեր Փաշինյանը: Այդպիսին է այսօրվա հայաստանյան իրողությունը. մարդիկ փոփոխություններ են ուզում, և միակը, ով ասոցացվում է այդ փոփոխությունների հետ, Փաշինյանն է: Արդյունքում՝ ՀՀԿ-ն և նրա դաշնակիցները ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից, որոնք կողմ քվեարկեցին վիճահարույց օրինագծին, դրա արդյունքում ստացան հսկայական ամբոխ և տհաճ էմոցիաների ծով:

Պարբերականի գնահատմամբ՝ փողոցը միակ մատչելի և առայժմ հուսալի ռեսուրսն է տաղանդավոր հռետոր Փաշինյանի համար: Եվ նա չի թաքցնում, որ օգտագործելու է այն մինչև վերջ: Այսինքն՝ մինչև որ ստանա ամբողջ իշխանությունը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ձեռքի տակ ունենա լոյալ խորհրդարան»:

Հոդվածագիրը նշում է, որ վարչապետի պաշտոնում 5 ամսվա ընթացքում Փաշինյանը չի արել ոչ մի բան, որը կարելի է բարեփոխում համարել: Այն թեթևությունը, որով նա բաժանվում է նախարարների և խորհրդականների հետ, հուշում է, որ Փաշինյանի թիմը դեռ չի ձևավորվել:

«Նա ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Սակայն գործեր են հարուցվում առանձին նախկին և ներկա պաշտոնյաների դեմ: Եվ թեև նրանցից ոմանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել, դա պայքար է ոչ թե կոռուպցիայի, այլ կոռուպցիոներների դեմ, որոնց մեղքն, ի դեպ, դեռ պետք է ապացուցել: Փաշինյանը սխալներ է գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտում, առաջին հերթին դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունն էր, ինչը եթե դեմ չտրամադրեց Մոսկվային, ապա առնվազն ստիպեց զգուշավոր լինել, իսկ Մոսկվայից է կախված ՀՀ անվտանգությունն ու զգալի չափով նաև տնտեսությունը: Փաշինյանը փորձեց ամեն ինչ հարթել: Սակայն իշխանությունը բազմահազարանոց ամբոխի ձեռքից ստացած Փաշինյանն այդպես էլ յուրային չդարձավ այնպիսի երկարակյաց նախագահների շրջանում, ինչպիսիք են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն»:

Հեղինակը կարծում է, որ փողոցը, որին Փաշինյանը փոփոխությունների հույս նվիրեց, շռայլ ավանս տվեց նրան և մեծահոգաբար ներում է սխալներն ու ոչինչ չի պահանջում փոխարենը:

«Փողոցը բավարարվում է իր կուռքի հետ սելֆի անելու հնարավորություններով, էկոնոմ դասի ցուցադրական թռիչքներով, հայտարարություններով, թե իշխանությունը երկրում պատկանում է ժողովրդին: Սակայն հեղափոխական վարչապետը պետք է հիշի՝ անպայման գալու է այն պահը, երբ մարդիկ կհոգնեն նրա կոչով դուրս գալ փողոց և Փաշինյանի ֆեյսբուքյան էջը բացելու փոխարեն կբացեն իրենց սառնարանի դուռը: Եվ այն, ինչ նրանք կտեսնեն ներսում, կորոշի Փաշինյանի քաղաքական ապագան»,- գրել է պարբերականը:

Հ.Գ. Եվ որպես հիշեցում. «Կոմերսանտ» պարբերականի սեփականատերը միլիարդատեր, USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովն է:

Թարգմ.՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝