Ռուսաստանը հրաժարվել է ընդունել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին

img459786

Ռուսաստանյան կողմը մերժել է Իսրայելի՝ Ռուսաստան քաղաքական գործիչներ ուղարկելու առաջարկը, ովքեր պետք է հարթեին իրավիճակը Միջերկրական ծովում Իլ-20 օդանավի հետ կապված միջադեպից հետո: Արդյունքում Մոսկվա է մեկնել իսրայելական զինվորական պատվիրակությունը: 

Իսրայելը նախատեսել էր Մոսկվա ուղարկել պատվիրակություն, որը պետք է գլխավորեր Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբաթը: Պատվիրակության կազմում պետք է լինեին Իսրայելի պաշտպանական բանակի եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչները, սակայն ռուսաստանյան կողմը հրաժարվել է ընդունել նրանց:

Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ դիտարկվել է նաեւ հնարավորությունը, որ Մոսկվա մեկնի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կամ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, սակայն Ռուսաստանը նախընտրել է, որ շփումները լինեն պրոֆեսիոնալ մակարդակում՝ բարձրաստիճան զինվորականների միջեւ:

Նեթանյահուն այժմ Նյու-Յորքում է, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես սպասվում է, հանդիպման ժամանակ կքննարկվեն Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների եւ Սիրիայում տիրող իրավիճակի թեմաները:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան հետախուզական Իլ-20 օդանավը խոցվել էր սեպտեմբերի 17-ին, զոհվել էր 15 զինվորական: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ օդանավը սիրիական ՀՀՊ համակարգերի հարվածի տակ են դրել իսրայելական ինքնաթիռները, որոնք օդային հարվածներ էին հասցնում սիրիական Լաթաքիա նահանգում գտնվող օբյեկտներին:

 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝