Դոնալդ Թրամփն առաջին անգամ երթեւեկել է իր նոր «Գազան»-ով

pic_5199a66459b041a40f015f60da9a4701

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու-Յորքի փողոցներով առաջին անգամ երթեւեկել է իր նոր Cadillac լիմուզինով, որը տրամադրել է General Motors ընկերությունը: Ավտոմեքենան ստեղծված է 2 օրինակով, եւ կոչված է պաշտպանելու նախագահին ցանկացած սպառնալիքից:

General Motors-ը 2009թ.-ին պատրաստել էր նախագահական լիմուզինի նախորդ օրինակը: Խոսելով այդ ավտոմեքենայի մասին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ դա «տանկի թափքով Cadillac է», եւ ինքն այնտեղից կարող է «հեռախոսակապ հաստատել միջուկային սուզանավի անձնակազմի հետ»: Նոր լիմուզինը ստացել է «Գազան» մականունը:

Փորձագետները նշում են, որ նոր ավտոմեքենան ի վիճակի է շարունակել ճանապարհն անգամ այն դեպքում, երբ անվադողերն իջած վիճակում են: Այն ապահովված է գնդակադիմացկուն ապակիներով, հերմետիկ փակ է, ինչի շնորհիվ ներսում գտնվողները պաշտպանված են քիմիական հարձակումից: Շատ այլ տեխնիկական կառուցվածքներ չեն բացահայտվում:

20-րդ դարում հիմնականում ԱՄՆ նախագահներին տեղափոխել են Lincoln ընկերության լիմուզինները, սակայն 1980-ական թվականներից այդ գործառույթն իրականացնում է Cadillac-ը:

 

 Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝