Բեդնովից մինչեւ Զախարչենկո. Դոնբասի զինյալների սպանված ու մահացած ամենահայտնի պարագլուխների ցանկը

crop

2018թ. օգոստոսի 31-ին Դոնեցկի ռեստորաններից մեկում պայթյունի հետեւանքով զոհվեց «ԴԺՀ» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: gordonua.com-ն ի մի է բերել Դոնբասի սպանված եւ մահացած ամենահայտնի ահաբեկիչների, դաշտային հրամանատարների ցանկը: 

1.Ալեքսանդր Բեդնով՝ «Բեթմեն» խմբավորման հրամանատար. սպանվել է 2015թ. հունվարի 1-ին՝ Լուտուգինո շրջանում:  

Александр Беднов. Фото: ura.ru

Բեդնովի ավտոշարասյան վրա հարձակում էին գործել ինքնաձիգներով, նռնականետներով եւ հրանետներով: Հրամանատարի հետ միասին զոհվել էին նրա խմբավորման եւս 5 զինյալներ: Բեդնովի չեզոքացման պատասխանատվությունը ստանձնել էր «ԼԺՀ» ղեկավարությունը: Նրանք Բեդնովին մեղադրում էին մարդկանց առեւանգելու եւ ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ:  

2.Եվգենի Իշչենկո (Մալիշ)՝ Պերվոմայսկի «ժողովրդական քաղաքապետ». սպանվել է 2015թ. հունվարի 23-ին՝ Պերվոմայսկում:

Евгений Ищенко. Фото: sirgis.info

Իշչենկոն եւս 3 ռուսաստանցիների հետ գնդակահարվել էր անհայտ անձանց կողմից: «ԼԺՀ» ղեկավար Իգոր Պլոտնիցկին Մալիշի սպանության պատասխանատվությունը բարդել էր ուկրաինացի դիվերսանտների վրա: Սակայն Իշչենկոն հենց Պլոտնիցկիի հակառակորդներից մեկն էր, ով բազմիցս քննադատել է «ԼԺՀ» ղեկավարությանը:  

3.Ռոման Վոզնիկ (Ցիգան)՝ «Միրաժ» խմբավորման հրամանատար. սպանվել է 2015թ. մարտի 26-ին՝ Դոնեցկում:  

Роман Возник. Фото: dnr-sovet.su

Վոզնիկին գնդակահարել են ավտոմեքենայի մեջ՝ Դոնեցկի կենտրոնում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Դոնեցկում 2014թ.-ին անցկացված հանրահավաքներին: Ռազմական գործողությունների մեկնարկից կազմավորել է սեփական ստորաբաժանումը եւ պատերազմել Ուկրաինայի դեմ: Այնուհետ որոշել է զբաղվել քաղաքականությամբ՝ դառնալով «Նովոռոսիայի խորհրդարանի» անդամ: «ԴԺՀ» -ում Վոզնիկի սպանությունը կապում են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ:

4.Ալեքսեյ Մոզգովոյ՝ «Պրիզրակ» խմբավորման հրամանատար. սպանվել է 2015թ. մայիսի 23-ին՝ Միխայլովկա գյուղի մոտակայքում:   

Алексей Мозговой. Фото: Виктория Зотов/ВКонтакте  

Մոզգովոյի ավտոմեքենան պայթուցիկ սարքի գործադրմամբ կանգնեցրել են մայրուղու վրա եւ գնդակահարել ինքնաձիգով: Բացի նրանից, զոհվել էին նաեւ հրամանատարի մամուլի քարտուղարը, վարորդը, 2 թիկնապահները եւ պատահական անցորդներ: Մոզգովոյը Լուգանսկի շրջանի ամենահայտնի եւ հեղինակավոր դաշտային հրամանատարներից էր: Հաստատվելով Ալչեւսկում՝ նա չէր ենթարկվում «ԼԺՀ» ղեկավարությանը: Մոզգովոյի սպանության պատասխանատվությունը ստանձնել էր ուկրաինական պարտիզանական «Ստվերներ» ջոկատը:

5.Պավել Դրեմով՝ «Պլատովի անվան կազակական առաջին գնդի» հրամանատար. սպանվել է 2015թ. դեկտեմբերի 12-ին՝ Պերվոմայսկի շրջանում:  

Павел Дремов. Фото: medialeaks.ru

Դրեմովի ավտոմեքենայում պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ նա գնում էր սեփական հարսանիքին: Նա հաճախակի էր խիստ քննադատությունների ենթարկում «ԼԺՀ» ղեկավար Իգոր Պլոտնիցկիին եւ սպառնում էր կոմպրոմատներով:   

6.Եվգենի Ժիլին՝ «Օպլոտ» խմբավորման հրամանատար. սպանվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին՝ Մերձմոսկվայում:

Евгений Жилин. Фото: oplot.info

Ժիլինին գնդակահարել են «Վետերոկ» ռեստորանում, իսկ նրա ուղեկիցը ծանր վիրավորում է ստացել: Մարդասպանին հաջողվել է փախուստի դիմել:

7.Գենադի Ցիպկալով՝ «ԼԺՀ վարչապետ». կախված է հայտնաբերվել 2016թ. սեպտեմբերի 24-ին՝ Լուգանսկում: 

Фото: informator.media

Ցիպկալովը 2014թ.-ին եղել է Լուգանսկի զինյալների առաջնորդի տեղակալը, եւ նրա փախուստից հետո որոշ ժամանակ ղեկավարել է «ԼԺՀ»-ը:  Ցիպկալովին մահացած են հայտնաբերել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ «ԼԺՀ» պարագլուխ Իգոր Պլոտնիցկին նրան  մեղադրեց հեղաշրջման փորձի մեջ: «ԼԺՀ» ղեկավարներից մեկը՝ Ալեքսեյ Կարյակինը պնդել է, որ Ցիպկալովին մահվանից առաջ դաժան կտտանքների են ենթարկել:

8.Արսենի Պավլով (Մոտորոլա)՝ «Սպարտա» խմբավորման հրամանատար. սպանվել է 2016թ. հոկտեմբերի 16-ին՝ Դոնեցկում:

Арсений Павлов. Фото: TGorlovka.com

Մոտորոլան զոհվել է սարքի պայթյունից, որը գործի է դրվել վերելակում, այն բազմահարկ շենքում, որտեղ բնակվում էր զինյալը: Զոհվել է նաեւ նրա թիկնապահը: «ԴԺՀ»  ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Պավլովի սպանությունը համեմատել է Ուկրաինայի կողմից պատերազմ հայտարարելու հետ: Սպանության գործով ձերբակալվել է 6 մարդ, ովքեր իբր կապված են ուկրաինական ազգայնական խմբավորումների հետ:    

9.Վալերի Բոլոտով՝ «ԼԺՀ»-ի առաջին ղեկավար. մահացել է 2017թ. հունվարի 27-ին՝ Մոսկվայում:

Болотов – в центре с микрофоном – во время захвата здания СБУ в Луганске, 25 апреля 2014 года. Фото: EPA

Բոլոտովը, նախնական տվյալներով, մահացել է սրտի նոպայից: Ժամանակին նա հայտնել է, որ «ԼԺՀ» ղեկավար Իգոր Պլոտնիցկին սաբոտաժի էր ենթարկում իր հրամանները, իսկ նրա «Զարյա» ստորաբաժանումը սադրանքի նպատակով հրետակոծում էր Լուգանսկը:

10.Միխայիլ Տոլստիխ (Գիվի)՝ «Սոմալի» խմբավորման հրամանատար. սպանվել է 2017թ. փետրվարի 8-ին՝ Մակեեւկայում:

Михаил Толстых (Гиви). Фото: ura.ru

Փետրվարի 8-ի առավոտյան զինյալները հայտարարեցին, որ Գիվին զոհվել է իր աշխատասենյակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Զինյալները պնդում էին, որ նրան սպանել են ուկրաինական հատուկ ծառայությունները: Տոլստիխը մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի եւ Իլովայսկի համար մղվող մարտերին: Գիվին հայտնի էր նաեւ նրանով, որ ծաղրանքի էր ենթարկում ուկրաինացի գերեվարված զինվորականներին:

11.Վլադիմիր Մակովիչ՝ «ԴԺՀ խորհրդարանի առաջին խոսնակ». մահացել է 2017թ. մարտի 12-ին՝ Դոնեցկում:

Фото: Andrew Butko / wikipedia.org

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկում մահացել է «ԴԺՀ» կազմակերպիչներից մեկը՝ Վլադիմիր Մակովիչը: Նա 2014թ. ապրիլի 7-ին առաջին անգամ հանրայնացրել է  «ԴԺՀ անկախության հռչակագիրը»: Նախնական տվյալներով՝ Մակովիչը մահացել է գլխուղեղի քաղցկեղից:  

12.Ալեքսանդր Զախարչենկո՝ «ԴԺՀ» ղեկավար. սպանվել է 2018թ. օգոստոսի 31-ին՝ Դոնեցկում:   

Фото: ЕРА

Օգոստոսի 31-ին «ԴԺՀ» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվեց Դոնեցկի կենտրոնում՝ ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:  Մահափորձ իրականացնելու կասկածանքով զինյալները ձերբակալեցին «ուկրաինացի մի քանի դիվերսանտների եւ նրանց հետ կապված անձանց»: Զախարչենկոն 2014թ.-ի մայիսին դարձել էր «ԴԺՀ ռազմական պարետ», նոյեմբերի 2-ին՝ ինքնահռչակ հանրապետության ղեկավար:    

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝