Շուտով կլինեն նոր պատժամիջոցներ. ՌԴ շուկան անկում է ապրում

MoscowExchange_800x533_L_1523197925

Մոսկվայի բորսաներում շարունակվում է ռուսաստանյան բաժնետոմսերի գնանշումների անկումը: Ֆոնդային շուկայի ինդեքսը նվազել է ավելի քան 3%-ով: Ռուսաստանյան ռուբլու փոխարժեքը եւս անկում է ապրում: 1 ԱՄՆ դոլարը վաճառվում է ավելի քան 66 ռուբլով, 1 եվրոն՝ մոտ 77 ռուբլով:

Առավել շատ արժեզրկվել են «Աէրոֆլոտ» ընկերության բաժնետոմսերը՝ 8-12 %-ով, նաեւ Սբերբանկի եւ ВТБ-ի բաժնետոմսերը՝ ավելի քան 5%-ով: 

Անկումը կապված է ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարության հետ, այն մասին, որ օգոստոսի 22-ից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր է կիրառվեն նոր պատժամիջոցներ: Նման որոշման պատճառը Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման միջադեպն է, որի մեջ մեղադրվում են ռուսաստանյան իշխանությունները:

Ամերիկյան պատժամիջոցները կարող են առնչվել «Աէրոֆլոտին», որն այլեւս դեպի ԱՄՆ թռիչքներ իրականացնելու իրավունք չի ունենա: Օրինագիծը ենթադրում է նաեւ ԱՄՆ-ում ռուսաստանյան պետական բանկերի գործառնությունների արգելք:

ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսարանն այդ պատժամիջոցները «հրեշային» էր անվանել:

«Պատժամիջոցները կհանգեցնեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների արտահանման եւ ներկրման ծավալների կրճատմանը, ամերիկյան արտադրության տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների մատակարարումների դադարեցմանը, նավթի եւ նավթամթերքի արտահանման սահմանափակմանը, ամերիկյան օդանավակայանների՝ ռուսաստանյան ավիափոխադրողների հետ աշխատանքի ընդհատմանը: Այդ հիստերիան ճնշում է գործադրում ռուսաստանյան շուկայի վրա»,-կարծիք է հայտնել փորձագետ Վիկտոր Վեսելովը:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝