Պուտինն ամերիկյան կողմին առաջարկել է քննչական խումբ ուղարկել Ռուսաստան

image

Հելսինկիում կայացավ երկար սպասված մամուլի ասուլիսը Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, որով ավարտվեց համաշխարհային միջուկային գերտերությունների առաջնորդների պատմական գագաթաժողովը, հայտնում է svoboda.org-ը:

Թրամփը հայտարարել է, որ որոշել է երկխոսել Ռուսաստանի հետ, թեեւ քաղաքական առումով իրեն հարմար էր դա չանել: Նա հայտնել է, որ Պուտինի առաջ բարձրացրել է ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության հարցը: Թրամփի պնդմամբ՝ Պուտինի հետ այսօրվա հանդիպումը երկար ճանապարհի սկիզբն է միայն:

Վլադիմիր Պուտինին հարց է ուղղվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության մասին, ինչին ի պատասխան ՌԴ նախագահն արձագանքել է. «ոչ ոքի պետք չէ հավատալ»: Նրա խոսքերով՝ Թրամփը պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը, իսկ ինքը՝ Ռուսաստանի:

Պուտինն ամերիկյան կողմին առաջարկել է քննչական խումբ ուղարկել Ռուսաստան՝ ամերիկացիների կողմից մեղադրվող 12 ռուսաստանցի հետախույզներին հարցաքննելու համար:   

Նախագահ Թրամփն իր հերթին հայտնել է, որ Պուտինն ակտիվորեն հերքել է միջամտության մեղադրանքը՝ ներկայացնելով հզոր փաստարկներ: Նա նաեւ գոհունակություն է հայտնել կապված Պուտինի՝ քննչական խումբ ուղարկելու  առաջարկի հետ:    

Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական գնդակ է նվիրել ամերիկացի իր գործընկերոջը:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝