Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը. միջազգային ԶԼՄ-ների արձագանքը

509_b

Սոչիում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, որին անդրադարձել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ: Բնականաբար, առավել ինտենսիվորեն լուսաբանում էին ռուսաստանյան լրատվամիջոցները: Մասնավորապես, rbc.ru-ն տեղեկացնում է հանդիպման մանրամասները՝ միաժամանակ հայտնելով Սոչիում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իմպրովիզացված հանդիպման մասին:

Նշվում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին «ներքին ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի հավասարակշռված, կառուցողական դիրքորոշման համար»:

BBC-ն իր հոդվածում մեկ անգամ եւս անդրադարձել է Ռուսաստանի զուսպ արձագանքին հայկական «թավշյա հեղափոխությանը»: Նշվում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հարցով Մոսկվայում աշխատանք է տարվել ԱԳՆ-ի մակարդակով: BBC-ի բարձրաստիճան աղբյուրի պնդմամբ՝ դա զարմանալի է, քանի որ ԱՊՀ մյուս երկրների հետ կապված ռազմավարական որոշումները կայացվում են ՌԴ նախագահի աշխատակազմում:

Ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցերով զբաղվել են նաեւ ՀԴԾ 5-րդ ծառայությունը, ՌԴ Անվտանգության խորհուրդը՝ կոնկրետ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, հայտնել է նախագահի աշխատակազմի նախկին աշխատակիցը:    

Currenttime.tv-ն համառոտ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ մեջբերելով զրույցից 1-2 հատված: Կայքը գրում է, որ Սոչիի հայերը ջերմ ընդունելության են արժանացրել ՀՀ նորընտիր վարչապետին:

Deutsche Welle-ն նույնպես հակիրճ անդրադարձ է կատարել՝ «Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են ընդլայնել փոխգործակցությունը» վերնագրով հոդվածում: Մեջբերում է կատարվել երկու երկրների ղեկավարների՝ հետագա դաշնակցային հարաբերությունները շարունակելու եւ զարգացնելու մասին հայտարարություններից:

 

Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝