«Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է իրականացվել». Պուտին

96_tn

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների աջակցությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի զինուժի եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Առանց ՄԱԿ-ի սանկցիաների եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինքնիշխան պետության դեմ, որն ահաբեկչության դեմ պայքարում առաջնային դիրքերում է, ագրեսիայի ակտ է իրականացվել: Ինչպես մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ը գրոհեց Սիրիայի «Շայրաթ» ավիաբազայի վրա՝որպես պատրվակ օգտագործելով բնակչության դեմ թունավոր նյութերի կիրառման բեմադրությունը, այնպես էլ այս անգամ դա տեղի ունեցավ Դամասկոսի արվարձան Դումայում: Ռուսաստանցի ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թունավոր նյութի ոչ մի հետք չեն հայտնաբերել: Ոչ մի տեղաբնակ չի հաստատել քիմիական հարձակման փաստը»,-նշված է ՌԴ նախագահի հայտարարության տեքստում:

«Ռուսաստանն ամենալուրջ կերպով դատապարտում է հարձակումը Սիրիայի վրա, որտեղ ռուսաստանցի զինծառայողներն ահաբեկչության դեմ պայքարում օգնում են օրինական իշխանություններին: Իր գործողություններով ԱՄՆ-ն ավելի է խորացնում Սիրիայում հումանիտար աղետը, խրախուսում է սիրիական ժողովրդին 7 տարի տառապանքներ պատճառած ահաբեկիչներին»,-նշել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի ներկայիս էսկալացիան կործանարար ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա:

«Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, եւ այն արդեն իսկ Վաշինգտոնի վրա է դրել Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի հետ արյունոտ հաշվեհարդարի պատասխանատվությունը: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար»,-նշված է հայտարարությունում:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝