
Մայք Պոմպեոն, ում թեկնածությունը ներկայացվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում, Կոնգրեսում հայտարարել է, որ Պետքարտուղարությունն իր ղեկավարությամբ նոր քաղաքականություն կվարի՝ ուղղված Ռուսաստանի զսպմանը:
«Ես գիտակցում եմ, թե ԱՄՆ-ի համար ինչ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանը: Եվ եթե ինձ հաստատեն պետքարտուղարի պաշտոնում, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այս աշխատակազմը կշարունակի իրական գործողություններ ձեռնարկել, որպեսզի վերագործարկի Ռուսաստանի զսպման քաղաքականությունը»,-հայտարարել է Պոմպեոն Կոնգրեսի լսումների ժամանակ:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Պոմպեոյի կողմից պաշտոնի ստանձնումից հետո Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի «մեղմ քաղաքականությանը» վերջ կտրվի:
Պոմպեոն ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները պայմանավորել է Ռուսաստանի «վատ վարքագծով»: «ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ պատմական դիմակայությունը, այժմ էլ Ռուսաստանի հետ, պայմանավորված է Ռուսաստանի վատ վարքագծով»,-ասել է նա:
Աղբյուր՝ interfax.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան