Թրամփը Սիրիայի պատճառով չեղարկել է այցը Լատինական Ամերիկա

tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով չեղարկել է իր առաջին այցը Լատինական Ամերիկայի երկրներ, որը նախատեսված էր այս շաբաթ:

Թրամփը կմնա ԱՄՆ-ում եւ կզբաղվի սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակմանը պատասխան միջոցներ ձեռնարկելու նախապատրաստություններով: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը չի բացառել, որ հարված կհասցնի սիրիական կառավարական ուժերին, եթե հաստատվի քիմիական զենքի կիրառումը:

Թրամփը նաեւ խոստացել էր պարզաբանել տեղի ունեցածը եւ որոշում կայացնել 24-48 ժամվա ընթացքում:

«Ռուսաստանն է դա, Սիրիան, Իրանը, կամ նրանք բոլորը միասին, մենք դա կպարզաբանենք, եւ պատասխանը կիմանանք շատ շուտով: Բոլոր մեղավորները պատասխան են տալու»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Մարդասիրական կազմակերպությունների տեղեկություններով՝ ապրիլի 7-ին ուղղաթիռից տակառային ռումբեր են նետվել Դումա քաղաքի վրա, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 42 մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ:

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝