Վարձկաններին Ռուսաստանից Սիրիա են տեղափոխում գիշերով կամ լուսաբացին՝ գաղտագողի

42960166_303

Զինվորական համազգեստ կրող տասնյակ տղամարդիկ սիրիական մասնավոր ավիաընկերության օդանավերով Դոնի Ռոստովից թռչում են Դամասկոս եւ Լաթաքիա: Այդ ինքնաթիռները Մերձավոր Արեւելքում վաճառվել են օֆշորների կամ միջնորդների միջոցով:

Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողների մասնավոր զորամիավորումները քաղաքացիական ինքնաթիռներով գաղտագողի տեղափոխվում են Սիրիա՝ 6-ամյա քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: Կամուֆլյաժ եւ մարզահագուստ հագած «պինդ տղամարդկանց» տեղափոխումն իրականացվում է սիրիական մասնավոր Cham Wings ավիաընկերության օդանավերով՝ «Պլատով» օդանավակայանից, որը գտնվում է Դոնի Ռոստովից 30 կմ հեռավորության վրա, պնդում են Reuters-ի լրագրողները:

Նրանց տեղեկություններով՝ 14 ամսվա ընթացքում, 2017թ.-ի հունվարի 5-ից սկսած, Cham Wings-ի ինքնաթիռները 51 թռիչք են կատարել Դամասկոսից ու Լաթաքիայից Ռոստով եւ հակառակ  ուղղությամբ: Նրանք Ռոստով են գալիս գերազանցապես գիշերը եւ մեկնում վաղ առավոտյան, երբ օդանավակայանում այլ ուղեւորներ գրեթե չկան:

Այդ չվերթների մասին բաց տեղեկատվություն չկա:  

Լրագրողներն օդանավակայանում տեսել են հարյուրավոր տղամարդկանց, ովքեր ենթադրաբար մասնավոր ռազմական ընկերության վարձկաններ են, եւ սպասում են Airbus A320 օդանավով իրենց չվերթին, իսկ Սիրիայից վերադարձողների մեծ մասը զինվորական համազգեստներով են եղել:

Տեղափոխությունների համար օգտագործվող ինքնաթիռներն ավելի վաղ պատկանում էին եվրոպական եւ ամերիկյան ընկերություններին, սակայն օֆշորների եւ միջնորդների միջոցով վաճառվել են մերձավորարեւելյան ընկերություններին:

Այդ օդանավերի թռիչքների սխեման ցույց է տալիս Ասադի եւ նրա դաշնակիցների հնարավորությունները սահմանափակող ամերիկյան պատժամիջոցներում առկա ճեղքերը:

Ռուսաստանյան իշխանությունները հերքում են պայմանագրային հիմունքներով ծառայող անձանց մասնակցությունը Սիրիայում ընթացող ցամաքային գործողություններին:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝