Անգլիացիները Ռուսաստանին «Նովիչոկի» մասին մանրամասներ չեն հայտնի, քանի որ կբացահայտվի իրազեկիչ-գործակալը

image

Մեծ Բրիտանիան ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով «Նովիչոկ» նյութի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը  միտումնավոր չի ներկայացնում ռուսաստանյան կողմին: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը:

«Տեր Աստված: Ակնհայտ է, որ անգլիացիները չեն կարող Ռուսաստանին հանձնել «Նովիչոկ» նյութի ծագման վերաբերյալ ապացույցների ամբողջ փաթեթը, քանի որ այդ դեպքում Մոսկվային հայտնի կդառնա իրազեկիչ-գործակալը, ով այդ տեղեկատվությունը փոխանցել է անգլիացիներին»,-նշել է Կոխը: Ըստ նրա, դա պատճառներից մեկն է հանդիսանում, ինչի համար Ռուսաստանը համառորեն ձգտում է ապահովել հետաքննությունում իր մասնակցությունը:

«Ամենայն հավանականությամբ, Կրեմլի եւ Լուբյանկայի միջեւ շատ էմոցիոնալ երկխոսություն է ընթանում հակահետախուզության լիակատար ձախողման մասին. առանցքային ուղղությամբ թույլ է տրվել սխալ, որը կարող է շատ թանկ արժենալ Ռուսաստանին:  Կողմնակի դիտորդի համար էլ լրիվ ակնհայտ է, որ, հրապուրվելով գահի պաշտպանությամբ եւ գործարարների թալանով, ԱԴԾ-ն տեսադաշտից դուրս է թողել այն, հանուն ինչի էլ ստեղծվել է՝ Ռուսաստանի տարածքում այլ երկրների հետախուզական գործունեության կանխարգելումը»,-հայտարարել է նախկին փոխվարչապետը:

Կոխի խոսքերով՝ իսկական հակահետախուզությունը շատ բարձր որակավորում է պահանջում, ինչը, անշուշտ, վաղուց արդեն չկա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին 66-ամյա Սերգեյ Սկրիպալին եւ նրա 33-ամյա դստերը թունավորել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում: Քննությունը պարզել էր, որ մահափորձի համար օգտագործվել է Ռուսաստանում մշակված նյարդա-պարալիզացնող «Նովիչոկ» նյութը:

Դրանից հետո աշխարհի շուրջ 30 երկրներից արտաքսվեցին ռուսաստանցի դիվանագետները: Կրեմլը պատասխան միջոցներ ձեռնարկեց:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝