«Կարեւոր է, որ ԱՄՆ-ի զորքերը բալթյան երկրներում լինեն մշտական հիմունքներով». Դ. Գրիբաուսկայտե

5180527

Բալթիկայի երեք երկրների ղեկավարները կխնդրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առավել լուրջ քայլեր ձեռնարկել Ռուսաստանին զսպելու համար՝ ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատն ԱՄՆ-ի ուժերի միջոցով ամրապնդելու եղանակով:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը եւ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեջոնիսը Եվրամիությունում  Ռուսաստանի ամենալուրջ քննադատների ցանկում են, եւ սովորաբար հանդիպում են Թրամփին Կրեմլի հետ հարաբերություններում ԱՄՆ նախագահի անհասկանալի մտադրությունների ազդակների ժամանակ: 

Վաշինգտոնը վերջերս նոր պատժամիջոցներ է կիրառել ՌԴ քաղաքացիների, ընկերությունների եւ հատուկ ծառայությունների նկատմամբ, նաեւ արտաքսել է 60 ռուսաստանցի դիվանագետների: Միեւնույն ժամանակ Դոնալդ Թրամփն անձամբ է առաջարկել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:   

Նշվում է, որ բալթյան երկրների առաջնորդները Թրամփին խնդրելու են Բալթիկայում անցկացվող զորավարժությունների ժամանակ առավել հաճախ ուղարկել «Պատրիոտ» տիպի զենիթահրթիռային համակարգեր:   

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ը եւ մյուս դաշնակիցները կհասկանան, որ բալթյան պետությունների օդային տարածքը պետք է առավել լավ պաշտպանված լինի:  Կարեւոր է, որ ԱՄՆ-ի զորքերը բալթյան բոլոր երկրներում լինեն մշտական հիմունքներով»,-հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Անցած տարի ՆԱՏՕ-ն 4 բազմազգ զորախմբեր էր տեղակայել Լեհաստանում եւ Բալթիկայում, իսկ Լիտվա էր ուղարկել «Պատրիոտ» տիպի համակարգեր:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝