Ասադի զորքերը վերահսկողության տակ են վերցրել գրեթե ամբողջ Արեւելյան Գուտան

image

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Արեւելյան Գուտայի շրջանը, բացի Դումա քաղաքից: Այդ մասին հայտնում են սիրիական բանակի հրամանատարական շտաբից:

Կառավարական ուժերը փետրվարի վերջին ռուսաստանյան օդուժի աջակցությամբ հարձակում էին ձեռնարկել ապստամբների դիրքերի ուղղությամբ: Մարտերի եւ օդային հարվածների հետեւանքով, իրավապաշտպանների գնահատականներով, զոհվել է շուրջ 1500 խաղաղ բնակիչ:

Լիակատար ջախջախման եւ գերեվարման սպառնալիքի առաջ կանգնած ապստամբներն իշխանությունների հետ համաձայնության եկան: Զինյալները եւ նրանց ընտանիքների անդամներն Արեւելյան Գուտայից հեռացել են՝ մեկնելով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի շրջան:

Դումա քաղաքը պաշտպանող խմբավորման անդամները հայտարարել են, որ այժմ Ռուսաստանի երաշխավորության ներքո բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Ասադին հավատարիմ ուժերը հայտնել են, որ պատրաստ են գրոհելու քաղաքի վրա, որտեղ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ կան:

Արեւմուտքի երկրները կոշտ քննադատության են ենթարկել Դամասկոսին եւ Մոսկվային՝ Արեւելյան Գուտայի ռմբակոծությունների համար, ինչի հետեւանքով բազմաթիվ զոհեր են արձանագրվել խաղաղ բնակչության շրջանում:

 

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝