Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհից հետո անցկացված հանրահավաքի մասնակիցներից մեկը

8C7C1AF0-78F6-4B12-A337-50BA614F1DFC_w1023_r1_s

Կեմերովոյում ձերբակալվել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո անցկացված տարերային հավաքի մասնակիցներից մեկը:

Ալեքսանդր Բալաշովին մեղադրում են ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Անձամբ ձերբակալվածը պատմել է, որ ակցիայի օրը մյուս մասնակիցների հետ ինքը մոտեցել է ոստիկանին եւ հարցրել, թե ինչ հիմքով են հանրահավաքի անցկացման վայրում մետաղական արգելափակոցներ տեղադրել: Այժմ Բալաշովին մեղադրում են, որ նա իբր հայհոյանքներ հնչեցնելով վիճել է, թեեւ տղամարդը պնդում է, որ նման արարք թույլ չի տվել:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Կեմերովոյում տեղի ունեցավ տարերային հանրահավաք: Ավելի քան հազար մարդ հավաքվել էին շրջանային ադմինիստրացիայի շենքի մոտ եւ իշխանություններից պահանջում էին հրդեհի մասին պատմել ամբողջ ճշմարտությունը: 

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւը հավաքվածների առջեւ չհայտնվեց: Նա ներողություն խնդրեց միայն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, իսկ հանրահավաքի մասնակիցներին բնութագրեց որպես «աղմկարարներ», որոնց շարքերում իբր հրդեհի զոհերի հարազատներ չեն եղել:

 Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝