Պուտինի վրա ազդելու համար Արեւմուտքը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի. Բորովոյ

p05v9qmb

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իրական ազդեցություն գործելու համար Արեւմուտքի երկրները չպետք է սահմանափակվեն միայն ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելով, հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ եւ քաղաքական փորձագետ Կոնստանտին Բորովոյը:

«Ռուսաստանցի դիվանագետների արտաքսումն Արեւմուտքի երկրների կողմից իրականացվող խորհրդանշական քայլ է, որով նրանք ի ցույց են դնում իրենց միասնությունը: Այնուամենայնիվ, դա խորհրդանշական քայլ է: Ժամանակի ընթացքում դիվանագետները հետ են վերադառնում, նրանց տեղերը չեն կրճատվում: Պուտինը խորհրդանշական քայլերը չի հասկանում եւ անտեսում է դրանք: Այդ պատճառով Արեւմուտքը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,-նշել է Բորովոյը:

Կոնստանտին Բորովոյ

Կոնստանտին Բորովոյ

Նրա խոսքերով՝ ռուսաստանցիների կասկածելի ծագում ունեցող ունեցվածքի վրա կալանք սահմանելու թույլտվություն տալով՝ Մեծ Բրիտանիան սկսել է ճիշտ ուղով շարժվել:

«Խոսքը գնում է ՌԴ պաշտոնյաների մասին, ովքեր Մեծ Բրիտանիայում զբաղվում են «փողերի լվացմամբ»: Լոնդոնը փորձում է կանխել այդ գործընթացը: Դրանք միլիարդների հասնող միջոցներ են: Սակայն մտավախություն ունեմ, որ Պուտինի շրջապատի հանդեպ բրիտանացիները նրբանկատ կլինեն: Հետաքրքիր է, որ Կրեմլը փորձում է պաշտպանել ռուսաստանցի պաշտոնյաներին, ովքեր կարող են տուժել Մեծ Բրիտանիայի գործողություններից: Ըստ էության, Արեւմուտքում «փողերի լվացման» դեմ պայքարը դա Ռուսաստանում պետական կառավարման եղանակի դեմ պայքար է»,-ընդգծել է Բորովոյը:

Հիշեցնենք, որ ավելի քան 20 երկրների իշխանություններ հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման եւ այդ հարցում Կրեմլի դիրքորոշման:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝