Լոնդոնը պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Սկրիպալի գործի պատճառով

full

Մեծ Բրիտանիան պահանջել է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել թունավոր նյութի կիրառմամբ մահափորձը հետաքննելու համար, որով թունավորվել են Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա աղջիկը՝ Յուլիան: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի թվիթթերյան էջում:

Լոնդոնը մեղադրում է Մոսկվային միջազգային աշխարհակարգը խաթարելու մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին տվյալ գործի հետ կապված պատասխանել 10 օրվա ընթացքում՝ պաշտոնական հարցումը ստանալու պահից սկսած:

Միեւնույն ժամանակ Լավրովը նշել է, որ  բրիտանական իշխանությունը ստիպված կլինի պատասխան տալ «միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու համար»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում պաշտոնապես հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 23 ռուսաստանցի դիվանագետներ կարտաքսվեն երկրից՝ ի պատասխան նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի: 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝