Ի՞նչ սպասել Պոմպեոյից. Ռուսաստանին սիրելը դա հաստատ այն չէ, ինչ սովորեցնում են ԿՀՎ-ում՝ խանձարուրից սկսած

1-269

Վերջին կես տարում հասունացած կոնֆլիկտի պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ նրա փոխարեն նշանակեց ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի ապագայի ինստիտուտի «Ազգային անվտանգություն եւ պաշտպանություն» ծրագրի տնօրեն, քաղաքագետ Տարաս Բերեզովեցը:

«Բազե-Թիլերսոնին փոխարինեց բազե-Պոմպեոն: Ռուսաստանի համար հաստատ ավելի լավ չի լինի, իսկ Ուկրաինան կարող է միայն ձեռքբերում ունենալ: Թրամփի կոնֆլիկտը Թիլերսոնի հետ հասունացավ վերջին կես տարում:

Տարաս Բերեզովեցը

Տարաս Բերեզովեց

Պետքարտուղարը Թրամփի հետ իրեն զգում եւ պահում էր ոչ թե ենթակայի նման, այլ հավասարի: Եվ իր անհամաձայնությունն էր հայտնում բազմաթիվ հարցերում՝ այդ թվում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Կորեայի»,-նշել է քաղաքագետը:

Ըստ նրա, Թիլերսոնը կարող էր միտումնավոր սրել հարաբերությունները նախագահի հետ, քանի որ նախորդ տարվա վերջից «նստած էր ճամպրուկների վրա»:

«Ի՞նչ սպասել Պոմպեոյից: Իսկ ի՞նչ կարելի է սպասել աշխարհի ամենամեծ եւ ամենահզոր հատուկ ծառայության տնօրենից: Ռուսաստանին սիրելը դա հաստատ այն չէ, ինչ սովորեցնում են ԿՀՎ-ում՝ խանձարուրից սկսած: Նա կլինի ավելի համակերպվող, քան Թիլերսոնը, սակայն կգործի հայացք գցելով Կոնգրեսին: Եվ ընդհանուր առմամբ Պետքարտուղարության դերը ներկայիս աշխատակազմի օրոք էականորեն նվազել է: Ամեն ինչ որոշում են Սպիտակ տունը եւ Կոնգրեսը»,-կարծիք է հայտնել Բերեզովեցը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել էր, որ պաշտոնից հեռացնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ նրա փոխարեն նշանակում ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին:

Թիլերսոնը Պետդեպարտամենտը ղեկավարում էր 2017թ.-ի փետրվարից:

 Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝