«Ռուսները տարան Դեյր-էզ-Զորի մոտ զոհվածների մարմինները». գնդապետ Դիլոն

maxresdefault

Ռուսաստանում շարունակում են ընդունել երկրի քաղաքացիների մարմինները, ովքեր զոհվել են Սիրիայում դեռեւս փետրվարի 7-ին, հայտնում է BBC-ին: Այդ օրը Դեյր-էզ-Զորի մոտ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների տակ հայտնվեցին Բաշար Ասադի կողմից մարտնչող զորամիավորումները: Կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ բոլոր զոհերի մարմինները տարել են ռուսաստանցի զինվորականները:  

Դեյր-էզ-Զորի մոտակայքում տեղի ունեցած բախումից հետո կոալիցիայի եւ սիրիական ընդդիմության ուժերը դիմել են ռուսաստանյան հրամանատարության ներկայացուցիչներին: Ամերիկացիներն առաջարկել են տանել զոհերի մարմինները, ինչը եւ արվել է: Այդ մասին հայտնել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:

«Հարձակումից առաջ եւ հետո մենք «թեժ գծով» կապ ենք պահպանել ռուսների հետ, եւ նրանք մարդկանց խումբ են ուղարկել, ովքեր տեղափոխել են մարմինները»,-պատմել է գնդապետ Դիլոնը: 

Կոալիցիայի եւ սիրիական ընդդիմության շարքերում, ըստ նրա, զոհեր չկան: 

Այդ իրադարձություններից ավելի քան 1 ամիս անց Եփրատի արեւելքում գտնվող տարածքների մեծ մասը, որտեղ տեղի էին ունեցել մարտերը, վերահսկում են կոալիցիայի ուժերն ու ապստամբական խմբավորումները:

Մինչ օրս Ռուսաստան են տեղափոխում զոհերի մարմինները: Օրինակ, փետրվարի 25-ին կայացել էր փետրվարի 7-ին զոհված Կիրիլ Անանեւի հուղարկավորությունը: Ասբեստ քաղաքում առաջիկայում կհուղարկավորեն նույն մարտի ժամանակ զոհված Ստանիսլավ Մատվեեւին եւ Իգոր Կոսոտուրովին: Հայտնի է դարձել նաեւ, որ մարտի 6-ին Նովոշախտինսկում հուղարկավորել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 42-ամյա զինյալ Սերգեյ Կրավչենկոյին:   

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝