Լոնդոնը պատրաստվում է պաշտոնապես մեղադրել Մոսկվային Սկրիպալի թունավորման մեջ

1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր դեմ մահափորձ իրականացնելու մեջ: Այս մասին հայտնել է The Times-ը՝ հղում անելով կառավարությունում իր ունեցած աղբյուրներին:

Թերթի զրուցակցի խոսքերով՝ համապատասխան հայտարարությունը կհրապարակվի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որի ժամանակ ներկայացվելու են հետաքննության վերջին տվյալները: Ինչպես պնդում է The Times-ի աղբյուրը, բրիտանական հատուկ ծառայությունը պատրաստ է ներկայացնել ապացույցներ Մոսկվայի եւ այդ թունավոր նյութի միջեւ եղած կապի վերաբերյալ, որն օգտագործվել է Սկրիպալի դեմ մահափորձ իրականացնելու ժամանակ: Նախարարները պատրաստվում են կոշտ պատասխանի: Հնարավոր միջոցներից կարող է լինել ռուսաստանցի դիվանագետների՝ երկրից վտարումը եւ այլ ռուսաստանցիների վիզաների չեղարկումը, ովքեր հաճախակի են մեկնում Մեծ Բրիտանիա, եւ ովքեր կապված են Կրեմլի հետ:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին գրում է նաեւ The Financial Times-ը: Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ ֆինանսական եւ այլ սահմանափակումներ կիրառելու օգտին հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը եւ պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը:

Ավելին, բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լոնդոնը խորհրդակցում է ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ համակարգված պատասխան միջոցների մասին, որոնք կարող են կիրառվել, եթե հաստատվի, որ Մոսկվան է կանգնած այդ թունավորման հետեւում:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝