Պուտինը պատասխանել է Ռոլդուգինի, Պրիգոժինի, Նավալնիի մասին հարցերին

057

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է այն տեղեկությունը, որ իր եւ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի միջեւ ինչ-որ ֆինանսական կապեր կան: «Այո՛, ես այդ մարդուն լավ եմ ճանաչում, նա իմ ընկերներից մեկն է: Նա հարյուրավոր միլիարդներ չի վաստակել: Այն ամբողջ գումարը, ինչ վաստակել է, նա արտերկրում երաժշտական գործիքներ է գնել եւ բերել Ռուսաստան»,-ասել է Պուտինը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե իրականում իրե՞ն է պատկանում Ռոլդուգինի ակտիվների մի մասը, Կրեմլի ղեկավարն ասել է. «Դրանք հաստատ իմ փողերը չեն»:

Պուտինն առաջին անգամը չէ, որ պատասխանում է երաժիշտ ընկերոջ մասին հարցադրումներին: Երկու տարի առաջ նա նշել էր՝ հպարտ է, որ նման ընկերներ ունի: Վերջերս տեղեկություններ էին հրապարակվել, որ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին են պատկանում օֆշորներում գրանցված ավելի քան 2 մլրդ դոլարի հաշիվները: 

NBC News-ին տված հարցազրույցում Պուտինը նաեւ խոսել է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների մասին: Ըստ նրա, իրենք առնչվում են ոչ թե Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին մտացածին միջամտությանը, այլ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի զարգացումն ընդհատելու ցանկությանը:

Պուտինը խոսել է նաեւ Ալեքսեյ Նավալնիի հետ համագործակցության հնարավորության մասին: «Միայն հիմնախնդիրների վրա կենտրոնանալը ոչ միայն քիչ է, այլեւ վտանգավոր, քանի որ կարող է բերել որոշակի կործանումների, իսկ մեզ պետք են ստեղծողներ»,-նշել է Կրեմլի ղեկավարը:  

Անդրադառնալով գործարար Պրիգոժինի հետ կապերին, նա ավելացրել է. «Ճանաչում եմ այդ մարդուն, սակայն նա իմ ընկերների շարքում չէ: Կա նման գործարար, ով զբաղվում է ռեստորանային բիզնեսով եւ ինչ-որ այլ բանով: Նա պետական պաշտոնյա չէ, մենք նրա հետ ոչ մի առնչություն չունենք»:   

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝