Ո՞վ կկապի Ուկրաինային Իրանի հետ. Հայաստանը՞, թե՞ ՎՈՒԱՄ-ը

China-rail-cargo

«Այն իրավիճակում, երբ, հակառակ հույսերի, ուկրաինական գյուղատնտեսական եւ այլ արտադրանքի համար արտոնյալ պայմաններով ազատ մուտք չապահովվեց Եվրամիության շուկաներում, Կիեւն ակտիվորեն նոր ուղիներ է փնտրում դեպի նոր շուկաներ»,-գրում է Էրիկա Լերները ՌԵԳՆՈՒՄ-ում:

«Պարզվեց, որ այլընտրանքային ուղիները եւ շուկաները շատ հեռու չեն: Ուկրաինան նշանառության տակ է առել Իրանին, ցանկանում է այդ երկիր արտահանել հացահատիկային մշակաբույսեր եւ ավելացնել ձիթայուղի արտահանման ծավալները: Փոխարենը, Ուկրաինան հույս ունի ներկրել իրանական գազը, նավթն ու բիտումը:

Ըստ Թեհրանի եւ Կիեւի միջեւ ձեռք բերված համաձայնության, Ուկրաինան պետք է միանար Պարսկական ծովածոց-Սեւ ծով տրանսպորտային երթուղուն: Ուկրաինական պետական կազմակերպությունն առաջարկ էր ստացել Իրանում կառուցել 1000 կմ երկարությամբ երկաթգիծ: Սակայն գործը վերջնական պայմանագրի ստորագրմանը չհասավ»:

«Միեւնույն ժամանակ Հայաստանում իրականացվում է այդ ծրագրի մի հատվածը: 550 կմ երկարությամբ ճանապարհն Իրանին հայկական տարածքով կկապի վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստների հետ: Իհարկե, Հայաստանին, որի տրանզիտային ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ձեռնտու է ներգրավվել նոր միջազգային նախագծերին: Սակայն, եթե պատմականորեն եւ աշխարհագրական առումով Իրանի հետ համագործակցությունն արդեն ունի իր հաստատված ավանդույթները, ապա նոր խաղացողին պետք է տնտղել, ուսումնասիրել:   

Դրա համար բավական է ծանոթանալ իրանցի դիվանագետների կարծիքներին, ովքեր բազմիցս նախազգուշացրել են տնտեսության ոլորտում ուկրաինական անկատար օրենսդրության մասին, ինչը զգալիորեն դանդաղեցնում է ներդրումների աճն Ուկրաինայում, իսկ հաճախ էլ վանում բիզնեսին»:  

«Ի դեպ, Ուկրաինայի ղեկավարությունը հյուրընկալվել էր Հայաստանում, որտեղ քննարկել են նաեւ Հայաստանի տրանզիտային հնարավորությունները եւ դրանց կիրառումն ի շահ Ուկրաինայի: Հայաստանյան տրանզիտի հարցն անհրաժեշտ է դիտարկել Իրանի հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում: Մյուս կողմից  չպետք է մոռանալ, որ Ուկրաինան դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ երկրի, որը նույնպես կարող է ուկրաինական արտադրանքն արտահանել Իրան: Ներկայումս ընթացքի մեջ են Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության ավարտական փուլի աշխատանքները:

Այժմ Ուկրաինան տնտղում է բոլոր հնարավորությունները, սակայն, ըստ ամենայնի, հայկական տրանզիտը նրա համար այնքան էլ հրապուրիչ չէ: Այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ արդեն այս տարի Թեհրանում 5 երկրներ՝ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան եւ Լեհաստանը տրանսպորտային փոխգործակցության համաձայնագիր կստորագրեն»:

«Կիեւը մեծ հույսեր է կապում այդ համաձայնագրի հետ՝ որպես իրանա-ուկրաինական տրանսպորտային հաղորդակցության արդունավետության բարձրացման եւ շահութաբերության հնարավորություն: Ցավոք, ղարաբաղյան հակամարտության կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ տնտեսական ոլորտում համագործակցելու անկարողությունն ու ցանկություն չունենալը, դառնում է տարածաշրջանային խոշոր նախագծերից հայկական կողմին բացառելու պատճառ: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ վերը թվարկված երկրներից երեքը դեռեւս գործող Հանուն ժողովրդավարության և տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ՎՈւԱՄ-ի կազմում են: Հետեւաբար, Հայաստանի՝ իրանա-ուկրաինական աշխուժացումից օգտվելու շանսերը քիչ են»,-գրում է հոդվածի հեղինակը: 

 

Աղբյուր՝ ՌԵԳՆՈՒՄ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝